ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՄԻ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ԱՐՏԵՖԱԿՏ Է. ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆ

ՀՈՒՇԱՐՁԱՆԸ ՄԻ ՅՈՒՐԱՏԵՍԱԿ ԱՐՏԵՖԱԿՏ Է. ԱՇՈՏ ԱՎԱԳՅԱՆ

«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի մասնաճյուղ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ Աշոտ Ավագյանը խոստովանում է, որ անկախ գործի հանդեպ ունեցած պատասխանատվությունից ինքը նախ և առաջ նկարիչ է՝ ոտքից գլուխ թաթախված իր ներկապնակի բազմազանության մեջ։ Մտերիմների, ընկերների համար Աշոտ Ավագյանը խիստ ինքնատիպ ձեռագիր ունեցող անհատականություն է, ով մի քանի րոպեում կարող է ամառային անձրևի նման անսպասելի հորդալ, փոթորկվել, ուժգին քամու նման պտտվել երկնքում ու Սյունյաց սառնաշունչ լեռներից մրսած փայլել հովիտների արևաշող քարերին:

Ուխտասար լինի, թե «Զորաց քարեր»՝ Աշոտ Ավագյանի համար Սյունյաց աշխարհն իր սքանչելի բնաշխարհով և հարուստ մշակութային ժառանգությամբ, միևնույն է, մշտապես եղել է ստեղծագործելու անսահման տարածություն։

«Հուշարձանն ինքը մի յուրատեսակ արտեֆակտ է, այդ պատճառով էլ դրա հետ հեշտ է աշխատելը։ Իմ կարծիքով մարդիկ, ովքեր լրջորեն հետաքրքրված են հուշարձաններով, իրենց մեջ անպայման ունեն «նկարիչ» տեսակը»,- իր և հուշարձանների միջև հոգևոր մտերմությունն այսպես է բացատրում Աշոտ Ավագյանը։

Աշոտ Ավագյանն այն արվեստագետներից է, ով աշխատում է դասակարգումներից դուրս։ Նրա մասին իսկապես կարելի է ասել, որ աշխատում է մի մշակութային մեգապոլիսում, որն ընդգրկուն է ոչ թե տարածական, այլ ժամանակային իմաստով։ Ավագյանը փորձում է կապ հաստատել ոգեղենության տիեզերական ֆենոմենի հետ, որը որոշում է նախապատմական արվեստի էությունը և ավելին՝ ջանում է վեր հանել հակադրությունները, որոնք կապում են ժամանակակից մարդուն այս մշակույթի հետ։

«Նկարիչն ինձ հետ ամենուր է, հատկապես, որ իմ արվեստի ելակետային հիմքը Սիսիանի տարածաշրջանն է, որտեղ ներկա են մարդու ստեղծած մշակութային բոլոր շերտերը՝ ժայռապատկերներ, մեգալիթյան հուշարձաններ, քարանձավներ, ստեղծագործություններ՝ միջնադարից մինչ այսօր։ Տվյալ հուշարձանի ժամանակաշրջանի մտածողությունը փորձում եմ դնել իմ ստեղծագործության մեջ, այսինքն՝ մեկը լրացնում է մյուսին։ Ներշնչանքը հուշարձանից է, մնացած կազմակերպումը՝ պերֆորմանսը, ինձանից»։

Հետ պտտենք պատմության անիվն ու հասնենք 1960-ականների վերջ, երբ պատանի Աշոտը դպրոցական էքսկուրսիաների շնորհիվ առաջին անգամ Ուխտասար էր բարձրացել, ծանոթացել «Զորաց քարերին» և Սյունյաց աշխարհի մյուս հուշարձաններին, ինչ իմանար, որ այդ հանդիպումները ճակատագրական էին լինելու։

Պատանեկան էքսկուրսիաների ազդեցությունը դեռ թարմ է Աշոտ Ավագյանի հիշողության մեջ․«Զորաց քարերի» մասին մեր ուսուցչուհու պատմությունը կարծես դաջվել էր ուղեղումս։ Հիշում եմ «Զորաց քարերի» բնակիչների մասին այն հայտնի պատմությունը, որը կապված էր վիշապի և ջրի պաշտամունքի հետ՝ հողագործները կարևորում էին, թե երբ պետք է վիշապին աղջիկ զոհաբերեին, որպեսզի նա ջուր շնորհեր իրենց։ Երրորդ դասարանում էինք, «Զորաց քարերից» ներքև քարանձավ կար, առու կար, ջուր էր հորդում, էքսկուրսիայի ժամանակ իմ ուղեղում մեխվեց, թե էս էն քարանձավն է…., հիշում եք երեխաներ այն հեքիաթը, որ թագավորի աղջկան տանում են վիշապին զոհաբերելու . ․․․ Հետագայում՝ 2008 թ-ին, ես այդ թեմայով պերֆորմանս արեցի՝ «Զոհաբերություն»։ Հետո՝ Ուխտասարում՝ ժայռապատկերների տարածքում եմ պերֆորմանս արել, անդրադարձել եմ նաև պորտաքարի պատմությանը, ֆալոսի պաշտամունքին։ Իմ մեկ ուրիշ աշխատանք կապված էր «Զորաց քարերի» մեծ կրոմլեխի հետ, որը կոչվում էր կրկնակի մոգական շրջան։ Այսինքն՝ հուշարձանը, դրա հետ կապված ավանդույթները, կարծես տարածություն են դառնում իմ պերֆորմանսների համար»։

Այդ ավանդույթները, որոնք հետո Աշոտ Ավագյանի համար դառնում են արվեստագետի «ներկայացումների» ներշնչանք, հետագայում ևս առանցքային դեր են ունենում նրա աշխատանքում։ 2010 թվականից՝ արդեն որպես «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի վարիչ, Աշոտ Ավագյանն այդ հուշարձանի հետ կապված ավանդույթները հիշատակում է նաև հուշարձանի տարածքում անցկացվող էքսկուրսիաների ընթացքում։

«Էքսկուրսիաների համար կամ պետք է օգտվես գրավոր աղբյուրներից, որն այս դեպքում չկա, ավանդույթներից, որոնք երեքն են՝ թաղման ծեսը, անցքերով քարերի պատ-պարիսպը՝ որի շարվածքը մինչև այսօր էլ օգտագործվում է, և անցքերը, որոնց միջով թելեր են անցկացրել հսկա քարերը տեղափոխելու համար»։

Էքսկուրսիաների ժամանակ նա օգտագործում է նաև մեգալիթյան հուշարձանների (որոնցից է նաև «Զորաց քարեր» բնակատեղին») վերաբերյալ հնագիտական նյութը, որի ուսումնասիրությունն ունի ավելի քան 200 տարվա պատմություն։ Ի դեպ՝ Աշոտ Ավագյանն՝ իբրև հնագիտական արշավախմբի անդամ, «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում անցկացվող պեղումներին ակտիվ մասնակցում էր, երբ դեռ արգելոցի վարիչ չէր։

«Մասնակցել պեղումներին նշանակում է ավելի մոտենալ հուշարձանին, ավելի լավ ճանաչել, հետո ինքդ էլ չես հասկանում ինչպես, բայց սկսում ես ապրել դրանով, դառնում ես դրա մի մասնիկը, օրինակ՝ ծանոթանալով թաղման ծեսին, թվում է, թե դու մասնակցել ես այդ արարողությանը ․․․.»

«Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցը Աշոտ Ավագյանի համար միայն աշխատավայր չէ, այն, անշուշտ, յուրահատուկ ազդեցություն ունի նաև նրա ստեղծագործության վրա, անգամ արվեստագետի խենթ մտահղացումներն են կապված «Զորաց քարերի» հետ:

Մեր զրույցը մոտենում էր ավարտին, երբ Աշոտը Ավագյանը ոգևորված պատմեց իր նոր մտահղացման մասին,- «Որոշել եմ «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում ռոք փառատոնի անցկացման ավանդույթ ստեղծել»։

Սակայն մի երազանք ունի, որն այդ մտահղացումից էլ վաղ է փայփայում, որպեսզի վերջապես «Զորաց քարեր» բնակատեղի» պատմամշակութային արգելոցն ունենա իր թանգարանի շենքը։