ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

ՏՈՆԱԿԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԿՈՏԱՅՔԻ ՄԱՐԶՈՒՄ

2018-03-29T15:57:41+00:00 22/09/2016|Կոտայք, Լրահոս|

Հայաստանի անկախության 25-րդ տարեդարձին նվիրված ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայությունը մի շարք կառույցների հետ համատեղ միջոցառումներ է իրականացրել Կոտայքի մարզում։

Աբովյանում՝ Հայ և ռուս ժողովուրդների բարեկամության թանգարանում ՀՀ 25ամյակի առթիվ ցուցադրվել են «ԵԱԶ-ի հուշարձաններ, հուշաղբյուրներ և Արցախյան պատերազմի զոհերի հուշաքարեր», «Ճանաչենք մեր մշակութային ժառանգությունը», «Միասին բացահայտենք մեր մշակութային արժեքները» խորագրերով և կրթական նախագծի շրջանակներում ներկայացված «Պահպանենք դարերի մշակույթը» թեմայով շարժական ցուցավահանակները։ Միջոցառման ընթացքում թանգարանի տնօրենից ու կազմակերպիչներից բացի ելույթ են ունեցել նաև այլ մասնակիցներ, ովքեր խոսել են անկախության տարիներին ձեռք բերած հաջողությունների մասին։ Ներկա են եղել նաև Երկրապահ կամավորական միության անդամներ, մարզային և քաղաքային իշխանության պատասխանատուներ, մանկավարժներ, աշակերտներ:

Հրազդանում տեղի ունեցած միջոցառմանը մասնակցել են ՊՄՊ Կոտայքի մարզային ծառայության պետի տեակալը, հուշարձանների պահապանները, 8-րդ և 14-րդ հիմնական դպրոցի աշակերտները, բնակիչներ: Վանատուր թաղամասում իրականացվել են նաև տարածքի մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Իսկ Հրազդանի Ջրառատ թաղամասում մ/ծ պետի տեղակալ Ա. Կիրակոսյանը և տարածաշրջանի հուշարձանների պահապանները՝ 5-րդ դպրոցի 9-րդ դասարանի աշակերտների և տնօրեն Տ. Բակլաչյանի հետ համատեղ, ԵԱԶ-ի հուշարձանի տարածքում են իրականացրել մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Հրազդանի Կոճոռ թաղամասում Արցախյան պատերազմի զոհերին նվիրված խաչքարի մոտ հիշատակի տուրք է մատուցվել ՊՄՊ մ/ծ պատասխանատուների, Կոտայքի մարզպետարանի և Հրազդանի քաղաքապետարանի աշխատակիցների մասնակցությամբ: Անկախության 25 ամյակին նվիրված ելույթում Կոտայքի ՊՄՊ ծառայության պետի տեղակալ Ա. Կիրակոսյանը շեշտել է այդ պայքարի ճանապարհին նահատակված հերոսների՝ անկախության կերտման գործում ունեցած դերակատարման մասին: Միջոցառման ավարտին ծաղկեպսակներ և ծաղիկներ են խոնարհվել հուշաքարի պատվանդանին:

Տոնական միջոցառումներ են կազմակերպվել նաև մարզի մյուս քաղաքներում և համայնքներում: