«Եվրոպական ժառանգության օրեր» ծրագրի շրջանակում «Արփի» արգելոցի նախաձեռնությամբ Արենիի մշակույթի տանը կազմակերպվել է «Կիսվելու արվեստ․ազգային պարարվեստ» խորագրով միջոցառում-հանդիպում։
Միջոցառմանը ներկա էին Վայոց ձորի ՊՄՊ մարզային ծառայության, Արենիի համայնքապետարանի աշխատակիցներ, «Արփա» ազգագրական երգի, պարի համույթի վետերանները, «Արենի» ազգագրական պարի համույթի սաները, համայնքի բնակիչներ։
Բացման խոսքով հանդես է եկել Շաքե Ղարախանյանը, ներկայացրել օրվա խորհուրդը և հանդիպման նպատակը։ Միջոցառման ընթացքում պատանիները հետաքրքիր տեղեկություններ են ներկայացրել հայկական ազգագրական պարարվեստի մասին և անդրադարձել հայպահպանման գործում պարարվեստի կարևոր դերակատարմանը։
Միջոցառման ավարտին ներկաներին ողջունել է Վայոց ձորի ՊՄՊ մարզային ծառայության պետ Մելանյա Դովլաթյանը, հիշել «Արփա» ազգագրական երգի ու պարի համույթի երբեմնի կատարումները և երիտասարդներին հորդորել աչալուրջ լինել ազգային մշակույթի պահպանման գործում։
Միջոցառման ավարտին «Արփի» արգելոցի վարիչի պաշտոնակատար Արսեն Մարտիրոսյանը հուշանվերներ է հանձնել պատվավոր հյուրերին։
«Եվրոպական ժառանգության օրեր»-ին անդրադարձել են նաև ‹‹Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում։ Կազմակերպվել է ‹‹Պատմամշակութային ժառանգության գիտակներ» խորագիրը կրող մրցույթ-վիկտորինա: Միջոցառմանը մասնակցել են նաև օտարերկրացի զբոսաշրջիկներ: Ներկաներին ներկայացվել է որևէ երկրի ճարտարապետական հայտնի գլուխգործոցի նկարագրություն, նրանք փորձե լ են գուշակել, թե որ հուշարձանի մասին է խոսքը: Մրցույթ-վիկտորինային ակտիվորեն մասնակցած այցելուներն արժանացել են հուշանվերների: