ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետի տեղակալ Գարիկ Մարությանը և հուշարձանների պահապանները Վահանավանք վանական համալիր տարածքում իրականացրել են սանիտարական մաքրման և բարեկարգման աշխատանքներ։ Մաքրվել է համալիրի հետնամասով անցող ջրահեռացման համակարգը, հուշարձանի տարածքից հեռացվել է սեղանատան ներսում գտնվող անշուք տնակը և կենցաղային աղբը, հատվել են շինությունների ներսում աճած թփերն ու ծառերը։
Իսկ մարզային ծառայության և Սիսիանի Նիկողայոս Ադոնցի անվան պատմության թանգարանի համագործակցության արդյունքում իրականացվել է «Այցելություն Գորիս՝ նվիրված 1918-1920թ․թ․ քաղաքական իրադարձություններին» թեմայով ճանաչողական Էքսկուրսիա։ ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Գրիգորյանը ուսանողներին ու աշակերտներին ուղեկցել է պատմական այն հուշարձանների տարածքները, որոնք առնչվել են թեմային։ Միջոցառման մասնակիցներն այցելել են Գորիսի Սբ․ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցի և այն բնակելի տները, որտեղ ապրել ու գործունեություն են ծավալել Զորավար Անդրանիկը, Գարեգին Նժդեհը։ Այցելել են նաև մեր ազգային ազատագրական պայքարի անմահ հայորդիներին նվիրված հուշարձանների տարածքներ։
Մեղրիի թիվ 1 միջնակարգ դպրոցի հետ համագործակցության արդյունքում էլ մարզային ծառայության պետի տեղակալ Նաիրա Հայրապետյանը դպրոցի աշակերտների համար կազմակերպել է ճանաչողական արշավ Մեղրի քաղաքի պատմամշակութային հուշարձանների տարածքներ: Մինչև արշավը պատանիները ծանոթացել են Մեղրիի Գեղագիտական կենտրոնում ցուցադրվող ազգագրական իրերին։ Արշավի ընթացքում այցելել են 19-րդ դարի կամարակապ` Ղաբ, ինչպես մեղրեցիներն են ասում, աղբյուր, որը կառուցվել է 1880-ական թվականներին։ 1673 թ. կառուցված Սուրբ Աստվածածին եկեղեցում դպրոցականները ծանոթացել են որմնանկարներին, իսկ Մեղրի ամրոցի դիտակետ-աշտարակներում Նաիրա Հայրապետյանը ներկայացրել է մեղրեցիների 18-րդ դարում մղած հակաթուրքական ազտագրական պայքարի հերոսական էջերը։ Արշավն ավարտվել է 1624թ.կառուցված եկեղեցու տարածքում։
Արշավի մասնակիցները բոլոր հուշարձանների տարածքներում իրականացրել են սանիտարական մաքրման աշխատանքներ։