«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ մարզային ծառայությունների պատասխանատուների հետ աշխատանքներն այսուհետ կհամակարգի նորանշանակ փոխտնօրեն Արմեն Հովհաննիսյանը։ Նա մասնագիտությամբ շինարար է, ոլորտի հնաբնակներից չէ, բայց տիրապետում է ոլորտին։
Փոխտնօրենի հաստիքը թափուր էր մնացել նախորդ տարեվերջին, երբ Կարեն Փահլևանյանը նշանակվել էր Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր հայոց ազգագրության և ազգագրական պայքարի ազգային թանգարանի տնօրեն։
Ներկայացնելով նորանշանակ փոխտնօրենին ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը համոզմունք է հայտնել, որ մարզային ծառայությունների հետ համակարգված աշխատանքն արդյունավետ կլինի՝ միտված հուշարձանների պահպանությանը։ Նրա խոսքով, գիտական աշխատանքների կազմակերպման պարտականությունները, դրվել են ՊՈԱԿ-ի մյուս փոխտնօրեն Խորեն Գրիգորյանի վրա։
«Մինչ օրս մասնագիտությամբ շինարար կամ ճարտարապետ փոխտնօրեն չենք ունեցել։ Հուսով եմ, որ պրն Հովհաննիսյանը կվերահսկի հուշարձանների ենթակառուցվածքների նախագծման, շինարարական աշխատանքների ամբողջ ընթացքը։ Ինչ վերաբերում է մարզային ծառայություններին, ապա յուրաքանչյուր ստորաբաժանում ունի նաև տնտեսական բաղադրիչ։ Այսինքն պետք է ամենօրյա ուշադրության կենտրոնում պահել ոչ միայն պահպանության խնդիրները, այլև այդ հարցերը», – ասել է Արա Թարվերդյանը։
Կազմակերպության ղեկավարի խոսքով, Արմեն Հովհաննիսյանն արդեն անցել է պարտականությունների կատարմանը՝ որոշակի աշխատանքներ իրականացնելով հուշարձանի պահապանի մասնագիտական համազգեստի դիզայի ընտրության մասով։
Մասնագիտական համազգեստ և տարբերանշաններ ունենալու անհրաժեշտության մասին ՊՈԱԿ-ի տնօրենը խոսել էր դեռ նախորդ տարի։
Երկրորդ հանձնարարականը, որ տրվել է Արա Թարվերդյանի կողմից պատրաստել և ԿԳՄՍ նախարարություն ուղարկել նամակ, որով կհիմնավորվի բարձր լեռնային գոտիների համար նախատեսված մեքենաներ գնելու անհրաժեշտությունը։ Նախարարությունը իր հերթին հարցը կներկայացնի կառավարության քննարկմանը։ ՊՈԱԿ-ում վստահ են՝ կառավարության դրական եզրակացությունը կօգնի հուշարձանների պահապանների աշխատանքի ճիշտ կազմակերպմանը։
Նորանշանակ փոխտնօրեն Արմեն Հովհաննիսյանը նշել է, որ ծանոթ է ոլորտի խնդիրներին և մարզային ծառայությունների պատասխանատուներից ակտիվ գործակցություն է ակնկալում։
Ի դեպ, մարզային ծառայությունների ղեկավարները մինչ առաջիկա օրերին գրավոր կներկայացնեն առկա խնդիրները, դրանցից մի քանիսը՝ պահպանական գոտիների բացակայություն, հուշարձանների տարածքներում պեղումների ընթացքում ծագող խնդիրներ, հուշարձանների տարածքներում հուղարկավորությունների անթույլատրելիություն և այլն բանավոր ներկայացրել են ՊՈԱԿ-ի տնօրինությանը։
Քննարկվել են նաև աշխատանքային մի շարք այլ հարցեր։