ԶՎԱՐԹՆՈՑԻ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

ԶՎԱՐԹՆՈՑԻ ՍԵՊԱԳԻՐ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԸ

1901-1907 թթ. Խաչիկ  վարդապետ  Դադյանի նախաձեռնությամբ,  Զվարթնոց տաճարի տարածքում իրականացված պեղումների ժամանակ, հայտնաբերվել է ուրարտական Ռուսա Բ թագավորի (Ք. ա. 685–645 թթ.) սեպագիր արձանագրությամբ կոթողը։ Այն այսօր տեղադրված  «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի դիմաց՝ պատվանդանի վրա։

Որձաքարի քառանիստ կոթողն ունի  2,7 մ բարձրություն, 0,63 մ լայնություն և 0,36 մ հաստություն։ Վերին մասը՝ կիսաշրջանաձև է, ներքևի հատվածը՝ ավելի բարակ է, երկու կողմերից կտրված՝ խարսխի կամ պատվանդանի վրա կանգնեցնելու համար:

Սեպագիր արձանագրության մեջ (47 տողից է կազմված) Խալդի աստծուն ուղղած իր խոսքում Բիայնիլիի արքա, Տուշպա քաղաքի տեր, Արգիշտիի որդի Ռուսա Բ թագավորը նշում է Կուարլինի երկրի անմշակ հովտի, նրա դաշտերի մշակման՝ խաղողի այգիների, նոր ցանքադաշտերի, մրգատու այգիների հիմնման, Իլդարունիա գետից Ումեշինի անվամբ ջրանցք անցկացնելու, ինչպես նաև Խալդի, Թեյշեբա, Շիվինի, Անիկու աստվածներին զոհաբերություններ մատուցելու և սեպագիրը փչացնելու դեպքում  նզովքի արժանանալու մասին:

1936 թ. արձանագրությունը տեղափոխվել է Սուրբ Հռիփսիմեի վանք, հետագայում վերադարձվել  արգելոց-թանգարան։

Զվարթնոցի սեպագիր արձանագրությունը ուսումնասիրել են սեպագրագետներ՝  Կ. Բասմաջյանը,  Ն. Հարությունյանը, Հ. Սանտալճյանը, Վ. Ս. Գոլինիշչևը, Գ. Ա. Մելիքիշվիլին, Մ. Սալվինին, այլք: