1901-1907 թթ. Խաչիկ վարդապետ Դադյանի նախաձեռնությամբ, Զվարթնոց տաճարի տարածքում իրականացված պեղումների ժամանակ, հայտնաբերվել է ուրարտական Ռուսա Բ թագավորի (Ք. ա. 685–645 թթ.) սեպագիր արձանագրությամբ կոթողը։ Այն այսօր տեղադրված «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանի դիմաց՝ պատվանդանի վրա։
Որձաքարի քառանիստ կոթողն ունի 2,7 մ բարձրություն, 0,63 մ լայնություն և 0,36 մ հաստություն։ Վերին մասը՝ կիսաշրջանաձև է, ներքևի հատվածը՝ ավելի բարակ է, երկու կողմերից կտրված՝ խարսխի կամ պատվանդանի վրա կանգնեցնելու համար:
Սեպագիր արձանագրության մեջ (47 տողից է կազմված) Խալդի աստծուն ուղղած իր խոսքում Բիայնիլիի արքա, Տուշպա քաղաքի տեր, Արգիշտիի որդի Ռուսա Բ թագավորը նշում է Կուարլինի երկրի անմշակ հովտի, նրա դաշտերի մշակման՝ խաղողի այգիների, նոր ցանքադաշտերի, մրգատու այգիների հիմնման, Իլդարունիա գետից Ումեշինի անվամբ ջրանցք անցկացնելու, ինչպես նաև Խալդի, Թեյշեբա, Շիվինի, Անիկու աստվածներին զոհաբերություններ մատուցելու և սեպագիրը փչացնելու դեպքում նզովքի արժանանալու մասին:
1936 թ. արձանագրությունը տեղափոխվել է Սուրբ Հռիփսիմեի վանք, հետագայում վերադարձվել արգելոց-թանգարան։
Զվարթնոցի սեպագիր արձանագրությունը ուսումնասիրել են սեպագրագետներ՝ Կ. Բասմաջյանը, Ն. Հարությունյանը, Հ. Սանտալճյանը, Վ. Ս. Գոլինիշչևը, Գ. Ա. Մելիքիշվիլին, Մ. Սալվինին, այլք: