«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում ընթացող պեղման աշխատանքների ժամանակ մեծ թվով ջնարակված թասիկների ու պնակների բեկորներ են հայտնաբերվել: Հնագիտական նյութը թվագրվում է 11-13-րդ դդ.-ով: Արշավախմբի ղեկավար Արման Նալբանդյանի խոսքով հոյակապ այս խեցեղենը բացվել է ամրոցի պարսպապատին հարող տարածքում, կիսաշրջանաձև խորշի մեջ, որ ամենայն հավանականությամբ տնտեսական նշանակության կառույց է եղել ։
Արման Նալբանդյան «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախմբի ղեկավար․ Դրանք երբեմն բացվում էին իրար կողք շարված և ակնհայտ է, որ իրենց նախնական տեղում են։ Հետագայում ծածկելով հողի հաստ շերտով ու փլատակներով` երկար դարեր մնացել են անհայտ։ Զարգացած միջնադարի այս հոյակապ նմուշները ցույց են տալիս Լոռե ամրոցում մշակութային բարձր զարգացվածության աստիճանը, որն իր զուգահեռներն ունի Անիում և Դվինում։
Հայտնաբերված խեցեղենը ունի նուրբ գույների գեղեցիկ համադրությամբ արված երկրաչափական ու բուսական սիմետրիկ զարդանախշեր, իսկ մոտ 15 թասեր կրում են թռչունների (կաքավներ) պատկերներ։
«Լոռի բերդ» քաղաքատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում պեղումներն իրականացնում է «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ի արշավախումբը (ղեկ.՝ Արման Նալբանդյան)՝ ՀՀ ԿԳՄՍ նախարարության հատկացրած առանձին դրամաշնորհով։