Տափի բերդ կամ Գևորգ Մարզպետունու ամրոցը կառուցվել է X դ. առաջին քառորդում։ Ճարտարապետական և ամրոցաշինական մեծ արժեք ներկայացնող կանոնավոր հատակագծով քառանկյուն շինությունը գտնվում ՀՀ Արարատի մարզի Խոսրով գետի աջ ափին՝ Ուրծ քարատեղիի հյուսիարևմտյան եզրին, Ուրցաձոր գյուղից 6 կմ հյուսիսարևելք:
Պարսպի հարավային և արևելյան պատերին կից կան X-XIII դդ. կառուցված բնակելի և տնտեսական թաղածածկ շինություններ։ Շրջապատված է պարսպով, որի չորս անկյունները ամրացված են շրջանաձև բուրգերով։
Պարսպի ներսում գտնվում է սպիտակ ֆելզիտի քարերով կառուցված XIII դ. թաղածածկ դահլիճով եկեղեցին, որի հյուսիսային պատին՝ 1256 թ. փորագրված արձանագրության մեջ հիշատակվում է «Տափ» տեղանունը։
Եկեղեցու շարվածքում տեղադրված է մարդու սխեմատիկ պատկերով XII-XIII դդ. մի տապանաքար, իսկ հյուսիսային պատի տակ՝ XV-XVI դդ. Թաթևոսի տապանաքարն է: Որպես գրչօջախ Տափի եկեղեցին հիշատակվում է 1496 թ.: Այս եկեղեցում Բարսեղ գրչի ձեռքով գրչագրվել է մի «Սաղմոսարան»։
Ամրոցի տարածքում առկան են նաև խաչքարերի բեկորներ:
Տափի բերդը և եկեղեցին վերականգնվել են 2008-2009 թթ.: