«Եթե քարը նրա կամքին ենթարկվում է մոմի պես, ապա եկեք նրան տանք Մոմիկ մականունը»։
Ստեփանոս Օրբելյան
Վայոց ձորի Աղավնաձոր գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտքում է գտնվում միջնադարի հայտնի քանդակագործ, ճարտարապետ, մանրանկարիչ Մոմիկի ծննդավայր Ուլգյուրը։
Ուլգյուրում է գտնվում տարածաշրջանի պատմամշակութային ամենակարևոր կոթողներից մեկը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի-մատուռը։ Այն կառուցել է Մոմիկը՝ 13-14-րդ դարերում։ Մատուռում երկու վիշապակոթողներն են, որոնք վերածվել են խաչքարի։ Այս կոթողներից մեկին փորագրված են արձանագրություններ, որոնց հիման վրա հետագայում կազմվել է Մոմիկի տոհմածառը։
Օրբելյան տան նկարիչ-ճարտարապետ Մոմիկի ծննդյան հստակ տարեթիվը անհայտ է։ Անհերքելի է, սակայն, որ նա ծնվել է 13-րդ դարում։
Ենթադրվում է, որ Մոմիկն իր գործունեությունն սկսել է Կիլիկիայում։ Հայտնի դարձել Կեռան թագուհու պատվերով մի Ավետարան ծաղկելու շնորհիվ։
Մոմիկի գործերից պահպանվել են ձեռագիր ավետարաններ, գրքեր։ Նա կառուցել է Նորավանքի, Արենիի եկեղեցիները։ Նրան են վերագրվում նաև Եղեգիսի Զորաց, Տաթևի Սուրբ Գրիգոր եկեղեցիները։
Եկեղեցու գերեզմանատանը հայտնաբերվել են Մոմիկի ծնողների՝ Գրիգորի և Ավթայի, եղբոր՝ Գոհարտուռի, հարսի՝ Խերիկի, նրանց զավակներ Խլաթի և Խազի ու այլ ազգականների տապանաքարերը։
Սուրբ Աստվածածին մատուռը վերակառուցվել է խորհրդային տարիներին, իսկ մյուս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցուց պահպանվել են միայն հիմնապատերը։
Մոմիկի հարատևող ստեղծագործությունն իր կնիքն է դրել XIII դ. 2-րդ կեսին և XIV դ. առաջին կեսին Սյունիքում և հատկապես Վայոց ձորում կազմավորված գեղարվեստ ինքնատիպ դպրոցի վրա:
Եղեգնաձորում է գտնվում Մոմիկի արձանը և նրա անունը կրող զբոսայգին։