Մոմիկի քարակերտ երաժշտությունը․ վարպետի ծննդավայր Ուլգյուրը

Մոմիկի քարակերտ երաժշտությունը․ վարպետի ծննդավայր Ուլգյուրը

2023-04-10T21:44:26+00:00 10/04/2023|Լրահոս|

«Եթե  քարը նրա կամքին ենթարկվում է մոմի պես, ապա եկեք նրան տանք Մոմիկ մականունը»։

Ստեփանոս Օրբելյան

Վայոց ձորի Աղավնաձոր գյուղից 5 կմ հյուսիս-արևմուտքում է գտնվում միջնադարի հայտնի քանդակագործ, ճարտարապետ, մանրանկարիչ Մոմիկի ծննդավայր Ուլգյուրը։

Ուլգյուրում է գտնվում  տարածաշրջանի պատմամշակութային ամենակարևոր կոթողներից մեկը՝ Սուրբ Աստվածածին եկեղեցի-մատուռը։ Այն կառուցել է Մոմիկը՝ 13-14-րդ դարերում։ Մատուռում երկու վիշապակոթողներն են, որոնք վերածվել են խաչքարի։ Այս կոթողներից մեկին փորագրված են արձանագրություններ, որոնց հիման վրա հետագայում կազմվել է Մոմիկի տոհմածառը։

Օրբելյան տան նկարիչ-ճարտարապետ Մոմիկի ծննդյան հստակ տարեթիվը անհայտ է։   Անհերքելի է, սակայն,  որ նա ծնվել է 13-րդ դարում։

Ենթադրվում է, որ Մոմիկն իր գործունեությունն սկսել է Կիլիկիայում։ Հայտնի դարձել Կեռան  թագուհու պատվերով մի Ավետարան ծաղկելու շնորհիվ։

Մոմիկի գործերից պահպանվել են ձեռագիր ավետարաններ, գրքեր։ Նա կառուցել է Նորավանքի, Արենիի եկեղեցիները։ Նրան են վերագրվում  նաև Եղեգիսի Զորաց, Տաթևի Սուրբ Գրիգոր եկեղեցիները։

Եկեղեցու գերեզմանատանը հայտնաբերվել են  Մոմիկի ծնողների՝  Գրիգորի և Ավթայի, եղբոր՝ Գոհարտուռի, հարսի՝ Խերիկի, նրանց զավակներ Խլաթի և Խազի ու այլ ազգականների տապանաքարերը։

Սուրբ Աստվածածին մատուռը վերակառուցվել է խորհրդային տարիներին, իսկ մյուս՝ Սուրբ Ստեփանոս եկեղեցուց պահպանվել են միայն հիմնապատերը։

Մոմիկի հարատևող ստեղծագործությունն իր կնիքն է դրել XIII դ. 2-րդ կեսին և XIV դ. առաջին կեսին Սյունիքում  և հատկապես Վայոց ձորում կազմավորված գեղարվեստ ինքնատիպ դպրոցի վրա:

Եղեգնաձորում  է գտնվում Մոմիկի արձանը և նրա անունը կրող զբոսայգին։