Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ

2014-08-04T11:50:17+00:00 04/08/2014|Լոռի Հուշարձաններ|

Ս. ԳԵՎՈՐԳ ԵԿԵՂԵՑԻ
Լոռու մարզ
գ. Սվերդլով
պետ. ցուցիչ՝ 5.101.7

 

Վաղմիջնադարյան հայկական ճարտարապետության միանավ եկեղեցիներից է: Գտնվում է գյուղի հյուսիսարևելյան բարձրադիր վայրում: Կառուցվել է VI դ.: Եկեղեցին կանգնած է աստիճանաձև որմնախարսխի վրա: Ունի արևելքից արևմուտք ձգված համաչափ հորինվածք: Աղոթասրահը չորս զույգ որմնամույթերով և թաղակիր կամարներով բաժանված է հինգ մասի: Արևելյան կողմում կիսաշրջանաձև հատակագծով խորանն է, որի երկու կողմերում ուղղանկյուն հատակագծով, կիսագլանաձև թաղով ծածկված ավանդատներն են՝ կիսաշրջանաձև խորաններով: Ունեցել է չորս մուտք՝ 2 հարավային, մեկական հյուսիսային և արևմտյան ճակատներում: Մուտքերը հարդարված են եղել ճակտոնով և զույգ կիսասյունիկներով: Պահպանվել են արևմտյան և հարավային մուտքերը:
Եկեղեցին հիմնովին նորոգվել է XIX դ.: Հարավային մուտքի առջև, եկեղեցուն կից կառուցվել է զանգակատուն՝ ութասյուն ռոտոնդայով: Հարավային և արևմտյան պատերը երեսապատվել են սրբատաշ բազալտե քարերով, մյուս ճակատները և ավանդատները վերակառուցվել են՝ մանր, կոպտատաշ քարերի օգտագործմամբ: Վերափոխվել են պատուհանները, փոխվել են քիվերը և կղմինդրե ծածկը: Եկեղեցին նախկինում շրջափակված է եղել արտաքին սրահով, որը չի պահպանվել: Գրեթե ոչինչ չի պահպանվել նաև եկեղեցու հարդարանքից:

Հիմնական գրականություն

Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986:

Հասրաթյան Մ., Տաշիրի սրահավոր միանավ հուշարձանները, «Լրաբեր հաս. գիտ.», Երևան, N 3, 1974: