ՍԵԴՎՈՒ ՎԱՆՔ, ՍԵԴՎԻ Ս. ՆՇԱՆ ՎԱՆՔ
Լոռու մարզ
գ. Կաճաճկուտ
պետ. ցուցիչ՝ 5.54.10
Միջնադարյան հայկական ճարտարապետության Սեդվու վանական համալիրը գստնվում է գյուղից 3 կմ հարավ՝ Սեդվու ձորում: Համալիրից պահպանվել են Ս. Նշան եկեղեցին՝ կից մատուռով, օժանդակ շինությունների և պարսպապատերի մնացորդներ:
Ս. Նշան եկեղեցին կառուցվել է XIII դ.: Ուղղանկյուն, միանավ դահլիճ է՝ կիսագլանաձև թաղով ծածկված, երեք զույգ որմնասյուներով և թաղակիր կամարներով: Արևելյան կողմում կիսաշրջանաձև խորանն է՝ զգալիորեն առաջ ընկած ցածրադիր բեմով: Ունի երեք մուտք՝ արևմտյան, հարավային և հյուսիսային ճակատներում (հյուսիսայինը բացվում է մատուռի մեջ): Ծածկը երկլանջ է՝ մեծ թեքությամբ: Կառուցված է կապտավուն բազալտե սրբատաշ քարերով: Առանձնանում է իր ընդգծված զուսպ հարդարանքով:
Հարավային մուտքի առջև գտնվում է XIII դ. կառուցված, քառակուսի հատակագծով, խաչվող թաղերով ծածկված սրահը:
Մատուռը կից է եկեղեցուն հյուսիսային կողմից: Կառուցված է XIII դ.: Ուղղանկյուն հատակագծով, թաղածածկ կառույց է, որի մուտքը հարավային կողմից է և բացվում է Ս. Նշան եկեղեցու մեջ:
Վանքը շրջապատված է եղել անկանոն եզրագծերով, կապտավուն բազալտի մեծ քարերով շարված պարսպով, որը հարավային և արևելյան կողմերից ունեցել է երկու կամարակապ դարպաս, իսկ անկյուններում՝ կիսաբոլոր աշտարակներ: Մնացել են պարսպի հետքերը: Վանքի հարավարևելյան կողմում պահպանվել են կացարանների և տնտեսական շինությունների մնացորդներ:
Վանքը գտնվում է անմխիթար վիճակում:
Հիմնական գրականություն
Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986: