Կոտայքի ՊՄՊ մարզային ծառայության և Արզնի համայնքի միջնակարգ դպրոցի համատեղ նախաձեռնությամբ կրթօջախում տեղի է ունեցել գործնական հանդիպում, որտեղ քննարկվել են պատմամշակութային հուշարձանների պահպանության և հանրահռչակման, Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին և Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների հաջողությունները: Ներկաներն անդրադարձել են Օսմանյան Թուրքիայում 1915թ-ին հայ, հույն, ասորի և այլ ազգերի նկատմամբ իրականացված ցեղասպանության միջազգային ճանաչման և մինչև օրս շարունակվող մշակութային եղեռնը համաշխարհային հանրության կողմից դատապարտելու և ոճրագործներին միջազգայնորեն պատասխանատվության ենթարկելու հարցերին:
Միջոցառման ավարտին Կոտայքի ՊՄՊ ծառայության պետի տեղակալ Հ. Լալայանը «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կողմից շնորհակալագիր է հանձնել Արզնիի մրջնակարգ դպրոցի տնօրեն Ս. Սիմոնովային` Բանակ-Կրթություն-Մշակույթ համագործածկցության շրջանակներում ցուցաբերած համատեղ ակտիվ մասնակցության համար:
Դպրոցի տնօրեն Սոֆիա Սիմոնովան իր շնորհակալական խոսքում նշել է, որ ՊՈԱԿ-ի տնօրինության նմանօրինակ գնահատակնը պարտավորեցնող է. «Մենք այսուհետև պետք է աշխատենք այնպես, որպեսզի մատաղ սերնդին դաստիարակենք հայրենասիրական ոգով, սովորեցնենք գնահատել ու պահպանել մեր մշակութային արժեքները` չմոռանալով պահանջատեր լինելու մասին: Միայն համատեղ ու արդյունավետ աշխատանքի արդյունքում է, որ մեր հիշողությունն ու պահանջատիրությունը լսելի կդառնա աշխարհին»,-խոսքն ավարտել է Ս. Սիմոնովան: