ՕՐԲԵԼՅԱՆ ԻՇԽԱՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹՈՂԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

ՕՐԲԵԼՅԱՆ ԻՇԽԱՆՆԵՐԸ ԵՎ ՆՐԱՆՑ ԹՈՂԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ ՎԱՅՈՑ ՁՈՐՈՒՄ

Օրբելյանները Հայաստանում հաստատվել են XIII դարի առաջին կեսին, Հայկական լեռնաշխարհի ընդարձակ տարածքներից մեկի վրա՝ Սյունյաց աշխարհում: Բագրատունյաց իշխանության շրջանում 987 թվականին Սյունքը հռչակվում է թագավորություն, որը գոյատևում է 200 տարի և կործանվում Գանձակի աթաբեկության զինական ուժերի տևական հարվածների հետևանքով՝ 1170 թվականին: Թագավորության կործանումից 40 տարի հետո՝ 1211 թվականին հայ-վրացական միացյալ ուժերի կողմից ազատագրված Սյունիքում հիմնվում է Օրբելյանների իշխանությունը:

Պատմիչ Աշոտ Աբրահամյանը գրում է. «Էլիգում Օրբելյանը նշանակվելով զորագլուխ, ամուսնանում է Սյունյաց եպիսկոպոս տեր Ստեփանոսի քրոջ աղջկա հետ և ունենում են Լիպարիտ Օրբելյանին, որը հետագայում կոչվում է իշխանաց իշխան»:
Լիպարիտ առաջին Օրբելյանը,-գրում է պատմիչը,-քաջ ռազմիկ և շինարար մարդ է եղել:
Մարտնչել է Հայաստանի և Վրաստանի շատ գավառներ սելջուկ թուրքերի լծից ազատագրելու համար: Նշանակվել է Սյունյաց աշխարհի կուսակալ և մեծ ջանքեր է գործադրել մշակութային նոր օջախների ստեղծման ու զարգացման գործում: Լիպարիտ առաջին Օրբելյանը պայքարելով երկրամասի ամբողջականության պահպանման համար, շինարարական մեծ աշխատանքներ է կատարել: Դրանցից ամենակարևորը 1223 թվականին Նորավանքում Սուրբ Կարապետ եկեղեցու կառուցումն է, որով հիմք դրվեց Սյունիքի հոգևոր նոր կենտրոնին: Լիպարիտ Օրբելյանի հայրենանվեր գործը շարունակում են իր որդիներ Էլիկումը, Սմբատը, Տարսայիճը:

Էլիկումը իշխանության օրորք Հայաստան են ներխուժում մոնղոլ-թաթարները: Լինելով իր հոր՝ Լիպարիտի անմիջական փոխարինողն ու արժանի ժառանգորդը, Էլիկումը Սյունյաց աշխարհի անվտանգության համար դիմում է մի շարք դիվանագիտական քայլերի: Նա ամրանում է Հրաշկաբերդում, երբ Ասլան զորովարն իր զորքով հարձակվում է բերդի վրա: Չհանձնելով անառիկ բերդը, Էլիկումը, հանուն իր ժողովրդի փրկության, մեծ ընծաներով ընդառաջ է գնում Ասլանին և ասում. «Թրով նվաճածը և ոսկով գնածը մարդու համար միատեսակ սեփականություն են: Արդ այն գավառները, որ ես թրով նվաճեցի, թող լինեն քո և քո տոհմի սեփականությունը»: Էլիկումն ընկնում է մարտադաշտում: Նրա աճյունը բերվում է Վայոց ձոր և մեծ շուքով ամփոփվում իր հոր կառուցած Սուր Նախավկայի գավթում՝ 1263 թվականին:

Սմբատ Օրբելյանը, փոխարինելով ավագ եղբորը, դառնում է իշխանաց իշխան: Ահա, թե ինչպես է բնութագրում Ստեփանոս Օրբելյան պատմիչը իշխանաց իշխան Սմբատին. «…Ապա նրա (այսինք Էլիկումի) իշխանությանը տիրում է իր եղբայրը՝ ամենօրհնյալ և բոլորից գովելի Սմբատը, որը մեծահանճար էր, ուժեղ մտքով, աննման խելքով, խիստ հնարագետ, խոսքաշեն ու քաղցրախոս, լեզուների իմացությամբ հմուտ և ճարտար: Դատաստանական ատյաններում անպարտելի էր, որովհետև խոսում էր հինգ լեզվով՝ հայրերեն, վրացերեն, ույղուրերեն, պարսկերեն և բուն մոնղոլերեն»:

Տաղանդավոր դիվանագետը, երկու անգամ լինելով մոնղոլ-թաթարական պետության մայրաքաղաքում, անձամբ բանակցություններ է վարում Մանգու խանի հետ (1251-1256 թթ): Արդյունքը լինում է այն, որ արժանանում է մեծամեծ պատիվների և վերստին հաստատվում իր տիրույթներում, ոչ միայն վերադարձնում է նվաճված տարածքները, այլև երկրի վարչական տիրույթները համալրում նորերով: Սմբատին հաջողվում է երկրում հաստատել խաղաղություն: Զարկ է տրվում շինարարական ընկրկուն աշխատանքներին, իսկ եկեղեցիները, ի շնորհիվ նրա գործադրած ջանքերի, ազատվում են հարկերից:

«Շինեց վանքեր,-գրում է ժամանակակից պատմիչը,- վերակառուցեց բոլոր ավերված եկեղեցիները, ավարտին հասցրեց Տաթևի ավերված վանքի վերաշինումը: 1261 թվականին կառուցեց Նորավանքի հրաշակերտ ժամատունը: Եռանդուն և արգասաբեր գործունեությամբ Սմբատը գերազանցում է իր բոլոր նախորդներին»:

Սմբատը վախճանվում է Դավրիժում՝ 1273 թվականին, նրա մարմինը մեծահանդես ծիսակատարությամբ տեղափոխվում է Վայոց ձոր և ամփոփվում Նորավանքի տոհմային դամբարանում:

Սմբատ Օրբելյանին հաջորդում է եղբայրը՝ Տարսայիճ Օրբելյանը, որի օրորք Սյունիքի իշխանապետությունը հասնում է իր զարգացման կենտրոնակետին: Պատմիչ Ստեփանոս Օրբելյանը վերլուծելով Տարսայիճի գործունեությունը՝ նշում է. «Տարսայիճը հարգված և սիրված էր աշխարհակալների և բոլոր մեծամեծների կողմից: Ահարկու էր բոլոր թշնամիների համար: Կատարել է լայնածավալ շինարարական աշխատանքներ, կառուցել եկեղեցիներ, նորոգել խարխալված վանքեր»:

Որպես շրջահայաց քաղաքական գործիչ, բարեկամական բնույթի հարաբերություններ է հաստատել հարևան երկրների ղեկավար գործիչների հետ: Նա շուտով արժանանում է Հայաստանի և Վրաստանի աթաբեկության պաշտոնին՝ կյանքի կոչելով երկու ժողովուրդների ազգային շահերից բխող բազմաթիվ ձեռնարկումներ: Նրան հաջողվում է ոչնչացնել հարկերի դիվանական դավթարը՝ Հայաստանի 150 եկեղեցիներ ազատելով հարկերից: Տարսայիճ Օրբելյանի կյանքը ընդհատվում է 1290 թվականին: Նրա մահարձանի վրա գրված է. «Այս է հանգիստ արքայաշուք կողմնակալին, հզոր և մեծ գործակալին և քաջապահ մենամարտին»:

Այսպիսով, Օրբելյան տոհմի տարեգրությունը (1049-1438թթ), տվել է նշանավոր, հայրենանվեր, քաջ ու անվեհեր, գործիչներ և հայ ժողովրդի, և առաքելական եկեղեցու ջատագովներ, որոնք բազմիցս ղեկավարել և հաջողություններ են արձանագրել թշնամիների դեմ մղվող ռազմական գործողություններում՝ շենացնելով երկիրը:

2011 թվականի հոկտեմբերի 28-ին, «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանի և Սյունյաց թեմի առաջնորդ՝ Աբրահամ Արքեպիսկոպոս Մկրտչյանի նախաձեռնությամբ Վայոց ձորում մեծ շուքով տոնվեց Օրբելյան իշխանական տան 800 ամյակը և Նորավանքի վանական համալիրում մատուցվեց պատարագ՝ նվիրված նրանց հիշատակին: