ԿԱՊՈՒՏԱՆ ԳՅՈՒՂ, ԵԿԵՂԵՑԻ ԿԱՊՏԱՎԱՆՔ /ՍԲ. ՄԻՆԱՍ/

ԿԱՊՈՒՏԱՆ ԳՅՈՒՂ, ԵԿԵՂԵՑԻ ԿԱՊՏԱՎԱՆՔ /ՍԲ. ՄԻՆԱՍ/

Կոտայքի մարզ, պետ. ցուցիչ` 6.36.21

Հանրապետական նշանակության հուշարձանը գտնվում է Հատիս և Գութանասար լեռների միջև ձգվող լեռնանցքի ձախակողմյան մասում` բլրի գագաթին, ծովի մակարդակից շուրջ 1800մ բարձրության վրա: Իր ճարտարապետական հորինվածքով համահունչ է եռահարկ եկեղեցի-դամբարան տիպին: Կառուցվել է 1349թ. տեղի կապտավուն սրբատաշ բազալտից, հավանաբար, այստեղից էլ առաջացել է նրա անվանումը` «Կապույտ վանք», «Կապտավանք»: Ի տարբերություն նմանատիպ մյուս հուշարձանների` Կապտավանքը արտաքուստ աչքի է ընկնում ավելի զուսպ, պարզ լուծումներով, որտեղ հարդարանքի տարրերը հասցված են նվազագույնի:

Համաձայն Յ. Շահխաթունեանցի 1839թ. արված նկարագրության` եկեղեցին գտնվում էր համեմատաբար կանգուն վիճակում. «Մերձ յայս գիւգ յարևմտից ի վերայ բլակաձև առապարի` յստորոտի անդ լերինն Շամիրամայ է փոքրիկ տաճար գեղեցկաշեն սրածայր կաթողիկէիւ, այլ չունի գրուած ինչ հայացի կամ անվանակոչիւն, ուստի ի տաճկական լեզու վերաձայնի յայն անուն»:

Կապտավանքը այն սակավաթիվ հուշարձաններից է, որոնք հայ քրիստոնեական պաշտամունքային ճարտարապետության մեջ ի հայտ եկան միայն XIV դարի առաջին կեսին և մեկ կառույցի մեջ կարողացան մեկտեղել երեք նշանակության շինությունների` դամբարան-եկեղեցի-զանգակատուն: Եկեղեցու առաջին հարկը ուղղանկյուն է (6.6 x 4.8մ), երկրորդը` խաչաձև` պսակված սրածայր վեղար ունեցող գմբեթով: Հուշարձանի մուտքը արևմտյան հատվածից է, որի երկու կողմերում գտնվող սլաքաձև դասավորված քարե պահունակային և փայտե լրացուցիչ աստիճաններով բարձրացել են երկրորդ հարկ:

Եկեղեցին մասամբ վնասվել էր 1679թ.` երկրաշարժի ժամանակ, իսկ 1920-80թթ. գտնվում էր կիսաքանդ վիճակում: Վերականգնման աշխատանքներն իրականացվել են 1981-83թթ. (նախագծի հեղինակ Գ. Ղաֆադարյան): Կապտավանքից հյուսիս, մոտ 500մ հեռավորության վրա է գտնվում Թուխ Մանուկ սրբատեղին: Եկեղեցու հարավային կողմում կան տապանաքարեր, իսկ բլրալանջին` խաչքարեր և բազմաթիվ այլ գերեզմանաքարեր:

Հուշարձանի պահպանական գոտու տարածքը կազմում է 0,6 հա հողատարածք:

Օգտագործված գրականություն.
1. Հուշարձանի նկարագրական – բնութագրական տեղեկանք, «Կապուտան գյուղի պատմական հուշարձանները», Ս. Կարապետյան,Երևան ՀՃՈՒ հիմնադրամ, 2014թ.: ՊՄՊ ծառայության ուսումնասիրություններ և դիտարկումներ: