Շիրակի մարզի Տուֆաշեն գյուղը Ղևոնդ Ալիշանի «Շիրակ» պատմաաշխարհագրական բնույթի աշխատության մեջ կոչվել է «Արմուտլու (Տանձուտ) գիւղ» կամ Արմութլի: Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1680 մետր բարձրության վրա: Պահպանված պատմական հուշարձաններից առավել ուշագրավ է գյուղի հարավային կողմի բլրի գագաթին գտնվող մ.թ.ա. II հազարամյակի ամրոցը: Ամրոցից պահպանվել են բերդապարիսպների ստորին մասերը` շարված անմշակ որձաքարերով, առանց շաղախի և ունեն 1.5 մետր հաստություն: Պատերն արտաքուստ շարված են մեծ քարերով, իսկ միջուկը` փոքր: Գետնի երեսին նկատելի են առաջին դարին վերաբերող կավե ամանների բազմաթիվ բեկորներ: Ամրոցի շրջակայքում պահպանվել է նաև դամբարանադաշտ (մ.թ.ա. II հազրամյակ):
Տուֆաշեն գյուղի հարավ-արևմտյան եզրին, բլրի ստորոտում, տարածվում է վաղ միջնադարյան գերեզմանատուն, որտեղ բոլոր գերեզմանաքարերը տուֆից են և մշակված տապանաքարերին հատուկ ձևերով: Հատկապես ցանկանում ենք առանձնացնել գերեզմանաքարերի մշակման այն յուրահատուկ եղանակը, որը բնորոշ է եղել գերեզմանատանը` այսպես կոչված խաչատապանաքարերի առկայությունը, որոնք իրապես եզակի երևույթ են քրիստոնեական դամբարանաշինության մեջ: Վերոնշյալ խաչատապանաքարերը օրորոցաձև մշակված սովորական գերեզմանաքարեր են, որոնց արևելյան ծայրը ուղղանկյուն է, բարձրադիր` խաչքարերի հիմքի ձևով, որտեղ դրվում են խաչքարերը: Գերեզմանատանը, որպես տապանաքարեր օգտագործված են ինքնատիպ զարդաքանդակներ ունեցող խաչքարեր (XIII-XIVդդ.):
Պահպանվել է նաև XIX դարում վերակառուցված եկեղեցին, որի հյուսիսային պատին ագուցված է XV-XVI դդ. խաչքարի բեկոր:
Տուֆաշենի պատմական հուշարձանների շարքում ոչ պակաս կարևոր արժեք է ներկայացնում Թուխ Մանուկ կոթողը (XII-XIII դդ.): Հայ ճարտարապետական մտքի խոշորագույն ներկայացուցիչ Թորոս Թորամանյանը խոսելով «Թուխ Մանուկ» մատուռի մասին նշում է,որ Տուֆաշեն-Արմտլու գյուղի մոտ` բարձր բլրի վրա, կա նախաքրիստոնեական մի ամրոց և, որ բլրի գագաթին միայն մի կտոր է մնացել այդ կիկլոպյան պատերից, սակայն այդ բլրի ստորոտում կա հնագույն մատուռանման մի մնացորդ` անշաղախ միմյանց վրա դրված հսկայական քարերով: Թ. Թորամանյանը մեկնաբանում է, որ հետագա քրիստոնյա հասարակությունը, օգտվելով այդ պատրաստի կիկլոպյան շինությունից, տարվա մեջ մի օր հատկացրել է ժողովրդական հավաքույթի համար` իբրև քրիստոնեական ուխտատեղի: Արմուտլու գյուղի ծայրին նշմարելի է գյուղացիների ձեռքով շինված մատուռանման մի շինություն, որի կառուցման համար օգտագործել են գտնված քրիստոնեական հին հուշարձանների բեկորներ և, որին գյուղացիները Թուխ-Մանուկ անունն են տվել: Այդտեղ հավաքել են X-XI դարերի հատուկ քանդակազարդ քարեր, խոյակներ, պսակների բեկորներ, նույնպես նույն դարաշրջանին հատուկ խաչքարերի բեկորներ, նաև մի մեծ պատվանդան, որը, հավանաբար, VII դարի է, և որի վրա կանգնեցված է եղել քառակուսի մի կոթող: Այս երևույթը նկատելի է գրեթե բոլոր հայկական գյուղերում և՝ զարմանալի կերպով ամեն տեղ միևնույն Թուխ Մանուկ անունով է կոչվել: Թորոս Թորամանյանը հետագայում ևս փորձել է հասկանալ, թե ինչ է նշանակում «Թուխ Մանուկ» և ո՞վ է այս «Թուխ Մանուկը». ավանդազրույցի համաձայն` հեթանոսական շրջանից մնացած պաշտամունքային երևույթ է, ոգի կամ սրբություն, որը քրիստոնեության շրջանում սրբագործվել է և պահպանել իր հոգևոր նշանակությունը: Դատելով այս ամենից` Թորոս Թորամանյանը հանգել է հետևյալ եզրակացությանը. այն նախաքրիստոնեական շրջանում կառուցված կրոնական բնույթի փոքր շինություն է` ամենայն հավանականությամբ հերոսական գերեզման, որն անշուշտ վերաբերում է հերոսապաշտությանը:
Նմանօրինակ Թուխ Մանուկ անունով մատուռ հանդիպում ենք նաև Արևմտյան Հայաստանի Մուշ գավառի Բուլանղի Համզաշեն գյուղում:
Օգտագործված գրականություն.
1. Ալիշան Ղ., Շիրակ, Վենետիկ, 1881:
2. Թորամանյան Թ., Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, հ. 2, Երևան 1948: 3. Եղիազարյան Հ., Շիրակի լեռնահովտի պատմական հուշարձանները, Երևան 1975: