ԱՐՑԱԽԻ ԵԶԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ. ՕԽՏԸ ԴՌՆԻ ՎԱՆՔԸ

ԱՐՑԱԽԻ ԵԶԱԿԻ ՃԱՐՏԱՐԱՊԵՏԱԿԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐ. ՕԽՏԸ ԴՌՆԻ ՎԱՆՔԸ

2017-02-03T14:03:39+00:00 31/01/2017|Լրահոս|

Յուղուսեն լեռան փեշին է հանգրվանում Օխտը (յոթ) դռնի վանքը` Գտչավանքից ոչ այնքան հեռու, Մոխրենես գյուղից 3,5 կմ հյուսիս-արևմուտք: Այն Արցախի եզակի ճարտարապետական հուշարձաններից է: Վանքն առանձնահատուկ է նրանով, որ ներսից բազմաբսիդ է, դրսից` կլոր հատակագծով և պատկանում է սակավաթիվ պահպանված նմանատիպ հուշարձանների խմբին:

Սրբավայր համարվող այս վանական համալիրը բաղկացած է եղել երեք հիմնական շենքերից. գավիթը, որը հավանաբար կառուցվել է միջնադարում, ավերված է, մյուս շինությունից մնացել են միայն գետնամերձ պատերի մասեր, իսկ եկեղեցին դեռ կանգուն է` թեև վատ պահպանված վիճակում: Վանքի մոտերքում է գտնվում վանական համալիրի աղբյուրը և «Քրոջ գերեզմանը»: Համաձայն ավանդության` Օխտը դռնի եկեղեցին կառուցել է հայրենիքի պաշտպանության համար զոհված յոթ եղբայրների միակ քույրը` նրանց հիշատակի համար:

Ինքնատիպությամբ առանձնացող հիմնական հուշարձանի` եկեղեցու կառուցման ստույգ ժամանակաշրջանն անհայտ է: Այն նման է VII դարում կառուցված քառակոնխ տիպի տաճարներին և կրում է քրիստոնեական առաջին պաշտամունքային կառույցներին բնորոշ ճարտարապետական որոշ տարրեր: Ելնելով կառույցի ճարտարապետական ձևերի, զարդաքանդակների և ծավալատարածական հորինվածքի դիտարկումից` այն կարելի է դասել վաղ միջնադարյան հուշարձանների շարքին:

Հետաքրքիր լուծում է տրված եկեղեցու արտաքին տեսքին. այն չորս մեծ և չորս փոքր կիսաբոլորակ թերթեր ունեցող մի վարդյակ է, որն առանձնահատուկ է նաև նրանով, որ խորանների ու խորշերի միջև կիսաբոլորակ տեսքով որմնամույթերն այդ տիպի մյուս հուշարձաններում չեն հանդիպում: Բացառությամբ ատամնաշար քանդակներով խոյակների` եկեղեցին ամբողջապես շարված է անմշակ և կոպտատաշ քարերով: Ըստ որում յուրաքանչյուր շարք խոշոր քարերից հետո, հաջորդ շարքն սկսվել է մանր քարերով: Հետաքրքրական են նաև որմնասյուները, որոնք չեն զատվում և սերտորեն համաձուլված են խորանների շարվածքին` կազմելով վերջինի շարունակությունը:

Օխտը դռնի վանքի վիմագիր արձանագրությունները պահպանվել են միայն ավելի ուշ ժամանակաշրջանի պատկանող երկու խաչքարերի վրա, որոնցից մեկը գտնվում է եկեղեցու բեմի խորքում` լուսամուտի տակ, իսկ մյուսը` բակում` ավերված մատուռի ներսում: Առաջին խաչքարը` X-XII դարերի ոճով, ներքին հատվածում ունի անթվակիր հետևյալ արձանագրությունը. «Յիշեայ Քս.ած. զԱշոտ և ողորմեայ»: Քանդակագործության հիանալի օրիակ է վանական համալիրի տարածքում գտնվող մյուս խաչքարը, որի վրա պահպանվել է հետևյալ արձանագրությունը` «Հ. թվ: ՆՂԳ (1044 թ.): Զկանդիլին Մի (աբ) ով սուրբ Տերունի բարեխաւսե առ Քս»:

Տեղացիների կողմից Շինատեղ անվանված այս ընդարձակ բնակատեղին իր ավերված շենքերի հետքերով, հին հանգստարանով, խաչքարերով սփռված է անտառի մեջ, Զկռատափի հարևանությամբ: