ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՏԵՍՆԵԼ ՄԱՐԶԻ ԽՈՆԱՐՀՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ»

ԱՍՏՂԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ. «ԵՐԱԶՈՒՄ ԵՄ ՎԵՐԱԿԱՆԳՆՎԱԾ ՏԵՍՆԵԼ ՄԱՐԶԻ ԽՈՆԱՐՀՎԱԾ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԸ»

2018-03-29T15:59:54+00:00 07/03/2017|Սյունիք, Լրահոս|

Մշակութային ժառանգության անխոնջ պահապանների շարքերում «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 100-ից ավելի կին աշխատակիցներն են, ովքեր տարիների քրտնաջան աշխատանքով, համեստ նվիրումով ու պատասխանատվությամբ են «զինվորագրվել» հուշարձանների ուսումնասիրման, պահպանության, օգտագործման ու հանրահռչակման գործին:

Հուշարձանների պահպանության ոլորտում աշխատող կանայք երբեք չեն տրտնջում, նրանց համար մատչելի են նույնիսկ դժվարամատչելի վայրերը: Սյունիքի մարզպետարանի սոցիալական ապահովության բաժնի նախկին առաջատար մասնագետն այսօր հպարտությամբ է ասում, որ իրեն վստահված է մեր դարավոր մշակույթի պահպանության մի մասը, ինչը լուրջ պատասխանատվություն է:

Մարզում շուրջ 3000 հուշարձան կա: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայության պետ Աստղիկ Հակոբյանն այսօրվա պես հիշում է աշխատանքային առաջին փորձությունը: Կապանի տարածաշրջանի Անդոկավան համայնքի Բաղաբերդ հուշարձանի տարածքում գերմանացի հնագետների խումբն` առանց համապատասխան թույլտվության, սկսել էր պեղումներ իրականացնել: ՊՈԱԿ-ի տնօրենի հանձնարարությամբ Աստղիկ Հակոբյանը պետք է կանխեր պեղումների հետագա ընթացքը` միչև սահմանված կարգով լիազոր մարմնից թույլտվություն ստանալը:

«Բարեբախտաբար հնագետ պրոֆեսորը գիտակ անձնավորություն էր և հարցը հեշտությամբ կարգավորվեց», -ասում է տիկին Հակոբյանը:

Առաջին «քննությունը» պատվով հանձնելուց հետո տասնյակ այդօրինակ ու ավելի դժվար լուծելի խնդիրներ են ծագել հետագա աշխատանքի ընթացքում: Մարզային ծառայության պետը դրանց միշտ արձագանքել է օպերատիվ կերպով`հետամուտ լինելով խնդրի վերջնական լուծմանը:

Հուշարձանի գտնվելու վայր, ընդհանուր վիճակ, պետ. ցուցիչ, հուշարձանի բնութագիր և առհասարակ, մարզային ծառայության պետն, առանց չափազանցության, անգիր գիտի մարզի գրեթե բոլոր հուշարձաններն` իրենց տվյալներով: Անհավատալի է, բայց փաստ, որում համոզվելու բազմաթիվ առիթներ ենք ունեցել:

Մարզի հուշարձանների պահպանության համար 21 պահապան է պատասխանատու` Գորիսի, Կապանի, Սիսիանի և Մեղրու տարածաշրջաններում: Դրանց զգալի մասը Սիսիանի տարածաշրջանում է, որտեղ բավականին շատ են հուշարձանները:

Մարզային ծառայության պետն ասում է, որ շրջայցերի ընթացքում նաև նորահայտ հուշարձաններ են հայտնաբերվել, անձամբ ինքը շուրջ 10-ն է բացահայտել: Բոլոր հուշարձաններն էլ գեղեցիկ են, սակայն, դրանցից մեկն Աստղիկ Հակոբյանի համար բացառիկ նշանակություն ունի:

«Կապանի տարածաշրջանի Չափնի գյուղում Ձիթհան կա, հրաշալի կառույց է: Երբ գնացի այնտեղ զարմանքից քարացել էի` երկու մասնաբաժնից կազմված երեք սրահով կառույցն ամբողջովին կանգուն էր, դռները չկային ու դա էր պատճառը, որ ամռան տապին անասունները տարածք էին մտնում: Սահմանված կարգի համաձայն մենք այն ներկայացրել ենք լիազոր մարմին`հուշարձանի կարգավիճակ տալու համար, հուսով եմ, որ մի օր այն կընդգրկվի հուշարձանների պետական ցուցակում», -ասում է նա:

Մարզային ծառայության պետը ոգևորությամբ է խոսում նաև մեկ այլ հուշարձանի` Բեխի Անապատի մասին: Կապանից շուրջ 5 կմ հեռավորության վրա գտնվող Բեխի անապատն անտառի մեջ է գտնվում, դժվարամատչելի վայրում` մոտ 45 աստիճան թեքությամբ սար պետք է բարձրանալ: Հուշարձանի բացառիկությունը նկարագրելու համար տիկին Աստղիկը բառեր չի գտնում. «ինչ էլ ասեմ, քիչ է` տեսնել է պետք»:

«Որպես հայ առաքելական եկեղեցու հետևորդ առաջին անգամ ուխտի եմ գնացել եկեղեցու տարածք, ապշել էի նրա գեղեկցությամբ, վեհությամբ: Չգիտեմ, բոլորովին այլ զգացողություն եմ ունենում, երբ հասնում եմ հուշարձանի տարածք, չեմ կարող բացատրել», -ասում է նա, մանրամասնելով, որ բազիլիկ եկեղեցու պատերի մեջ ագուցված ֆրագմենտները հասնում են մինչև նախաքրիստոնեական շրջան: Հուշարձանի վերականգնումն իր վրա է վերցրել «Երկիր և մշակույթ» կազմակերպությունը: Մարզային ծառայության պետն ասում է, որ գյուղի բնակիչների խոսքերով գիշերը եկեղեցու վրա հրեշտակներ են իջնում:

Ամենացավոտ խնդիրը, թերևս, մարզի հուշարձանների տարածքներում կատարվող իավախախտումներն են: Մարզային ծառայության պետի համոզմամբ, ոչ միայն հասարակության շրջանում իրավագիտակցության բարձրացում է պետք, այլ գուցե նաև կարիք կա բարձր տուգանքներ կիրառել` ասենք հուշարձանի տարածքը աղտոտելու համար: Իրավախախտումների մասին էլ նշում է, որ ոչ մի դեպք անպատիժ չի կարելի թողնել:

Հոգու խորքում Աստղիկ Հակոբյանը փայփայում է վերականգնված տեսնել մարզի խոնարհված հուշարձանները` Թանահատի վանական համալիրը, Երիցավանքը և մյուսները:

«Երազում էի վերականգնված տեսնել Մեղրու վանքը: Սբ. Հովհաննես եկեղեցին բարերար ունի` սփյուռքահայ Հայկ Մանջիկյանը հանձն է առել վերականգնելու այն, հուսով եմ ժամանակի ընթացքում բոլոր հուշարձանները կվերականգնվեն»:

Ի վերջո մեր մշակութային ժառանգությունը մեր ժողովրդի անձնագիրն է, մեր պատմությունը, որն աչքի լույսի պես պահպանելուց բացի, պետք է արժևորված փոխանցենք նաև սերունդներին` սա համեստ, խելացի նաև վճռական և դիմակայող Աստղիկ Հակոբյանի հավատամքն է: