ՆԻԿՈԼԱՅ ՏՈԿԱՐՍԿԻ. ԱՌԱՋԻՆՆ ԷՐ, ՈՐ ԱՐԺԱՆԱՑԱՎ Թ. ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

ՆԻԿՈԼԱՅ ՏՈԿԱՐՍԿԻ. ԱՌԱՋԻՆՆ ԷՐ, ՈՐ ԱՐԺԱՆԱՑԱՎ Թ. ԹՈՐԱՄԱՆՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՐՑԱՆԱԿԻ

2017-04-27T15:59:39+00:00 27/04/2017|Լրահոս|

Նիկոլայ Տոկարսկու անունը սերտորեն կապված է հայկական ճարտարապետության պատմության հետազոտությունների հետ, անհատ, որը մեծ ավանդ ներդրեց այդ բնագավառում։

Տոկարսկին ծնվել է 1892 թ.-ին, Պետերբուրգում։ Նրան բախտ է վիճակվել Հայաստանի հնավայրերին ծանոթանալ 1900-ականների սկզբին, երբ առաջին համաշխարհային պատերազմի տարիներին ցարական բանակ զորակոչված Տոկարսկին հասնում է Կովկասյան ճակատ։ Դեռևս 1915 թ.-ին, որպես բուժակ աշխատելով Տայք նահանգի Իշխան գյուղում, ազատ ժամերին չափագրում և նկարում է Իշխանի տաճարը։ Մեկ տարի անց Թիֆլիսում ծանոթանում է Անիի հնագիտական արշավախմբի ղեկավար Նիկողայոս Մառի հետ։ Երիտասարդի նյութերին ծանոթանալով` Մառը խրախուսում է նրան և հրավիրում աշխատելու Անիի հնագիտական արշավախմբում։ Արդեն 1916թ.-ին, որպես ճարտարապետ, Տոկարսկին աշխատում է Անիում, նա զբաղվում էր քաղաքի տեղահանույթով, մի քանի հուշարձանների չափագրությամբ։ Արշավախմբի կազմում էր նաև այն տարիների դեռ երիտասարդ, բայց իրեն արդեն որպես հնագետ լավագույն կերպով դրսևորած Հովսեփ Օրբելին, ով հետագա բոլոր տարիներին մնաց Տոկարսկու լավագույն բարեկամը, ղեկավարն ու խորհրդատուն։

1923թ.-ին Տոկարսկին հետազոտության նպատակով նորից Հայաստան է գալիս, որի արդյունքը 1925 թ.-ին հրատարակվում է «Նախնական հաշվետվություն 1923 թ. աշնանը Հայաստան կատարած ուղևորության մասին» վերտառությամբ։ Այդ հաշվետվությունը, որտեղ հեղինակը նախնական հետազոտության էր ենթարկել հայկական ճարտարապետության մի քանի կարևոր հուշարձաններ (Ավանի, Պտղնիի, Բջնիի և Նորադուզի եկեղեցիները, Հայրավանքն ու Սևանավանքը), դարձավ նրա առաջին ներդրումը հայ ժողովրդի ճարտարապետական ժառանգության ուսումնասիրութան գործում։

1930-ական թթ. երկրորդ կեսին Տոկարսկին, որպես Պետական Էրմիտաժի և ԽՍՀՄ ԳԱ նյութական մշակույթի ինստիտուտի աշխատակից, մի քանի անգամ գալիս է Հայաստան։ Այստեղ ղեկավարում է Ախթալայի և Հովհաննավանքի հուշարձանների ամրակայման և նորոգման աշխատանքները։

1936 թ.-ի ամռանը Հ. Օրբելու գլխավորությամբ հնագիտական արշավախմբի կազմում նա` որպես ճարտարապետ, մասնակցում է միջնադարյան Ամբերդի հնագիտական պեղումների աշխատանքներին, կատարում ամրոցի տեղահանույթը և հուշարձանների չափագրությունը։ Ամբերդի վերաբերյալ նրա հետազոտությունը լույս է տեսնում և′ առանձին գրքով՝ Իտալիայում` հայ ճարտարապետության հուշարձաններին նվիրված մատենաշարում, և′ «Հայ ճարտարապետության պատմության էջերից» գրքում։ Հետագա տարիներին մասնակցում է նաև Դվինի և Կարմիր բլուրի պեղումներին։
1941 թ.-ին Տոկարսկին ստանձնում է Հայաստանի պատմական հուշարձանների պահպանության կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնը, որը վարում է մինչև 1945 թ.-ի ապրիլը։ Կոմիտեում աշխատելու տարիներին Տոկարսկին, ավելի մոտիկից ծանոթանալով հայ ճարտարապետության գանձերին, խորամուխ է լինում դրանց բազմակողմանի հետազոտությանը:

1945 թ.-ին նա փոխադրվում է Հայկական ԽՍՍՀ նորաստեղծ գիտությունների ակադեմիայի պատմության ինստիտուտ: Տարիների ընթացքում կատարած հետազոտությունների արդյունքները Տոկարսկին ամփոփում է «Հին Հայաստանի ճարտարապետությունը» ստվարածավալ մենագրության մեջ։

Լենինգրադ վերադառնալով` նա չի դադարում զբաղվել հայկական ճարտարապետության պատմության հարցերի ուսումնասիրությամբ։

1957-1963 թթ. նվիրյալ գիտնականը կրկին գալիս է Հայաստան։ 1963 թ.-ին 71-ամյա հասակում բարձրանում է Արագած լեռը։ Ջրվեժում և Ողջաբերդում նա համառորեն որոնում և հայտնաբերում է հայ ճարտարապետության մինչ այդ անհայտ հուշարձաններ։ Որպես այդ աշխատանքի արդյունք` լույս է տեսնում երկու մենագրություն՝ «Ջրվեժ», «Ջրվեժ և Ողջաբերդ»։ Այդ տարիներին նա կարողանում է իրականացնել վաղեմի երազանքը. նոր հետազոտությունների արդյունքներով լրացված և վերախմբագրված հրատարակել իր մենագրությունը՝ «Հայաստանի IV-XIV դդ. ճարտարապետությունը», որի համար ստանում է արվեստագիտության դոկտորի գիտական աստիճան։

Ն.Մառի հատուկ առաջադրանքով Անիի արշավախմբի վաղամեռիկ անդամներից մեկը մանրակրկիտ ուսումնասիրել էր այսպես կոչված «ստորգետնյա Անին», չափագրել և նկարագրել ժայռափոր բնակարանները, դամբարանները, եկեղեցիները, վանքերն ու այլ շինություններ։ Գիտությանն անծանոթ մնացած այդ հարուստ նյութերի մանրակրկիտ ուսումնասիրության և սեփական հիշողությունների ու ֆոտո-փաստաթղթերի օգնությամբ` Տոկարսկուն հաջողվում է Անի քաղաքի վերաբերյալ գիտական գրականությունը հարստացնել ևս մեկ ծանրակշիռ հետազոտությամբ։

Անգնահատելի է Տոկարսկու ավանդը նաև գիտական կադրերի պատրաստման գործում։

Հայ ճարտարապետության մեծ նվիրյալի վաստակը գնահատվել է ըստ արժանվույն։ 1939 թ.-ին նա պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով, մեդալներով, 1961 թ.-ին արժանցել է Հայկական ԽՍՀ արվեստի վաստակավոր գործչի պատվավոր կոչմանը: Տոկարսկին առաջինն էր, որ 1972 թ.-ին արժանացավ Թ. Թորամանյանի անվան մրցանակի։

Ի դեպ` Նիկոլայ Տոկարսկու արխիվի մի մասը պահվում է «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ֆոնդերում։