«Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանում կրկին հոգևոր երաժշտությունն էր թևածում: «Զվարթնոց» կվարտետը` գեղարվեստական ղեկավար Տիգրան Կոնինյանի գլխավորությամբ, գերել էր ներկաներին իր հրաշալի կատարումներով: Երգացանկում Կոմիտաս վարդապետի և Մակար Եկմալյանի ստեղծագործություններն էին. «Տեր ողորմեա», «Հորովել», «Առավոտ Լուսաբեր», «Կիլիկիա», «Մարմին Տերունական» և այլն:
Հոգևոր համերգը գրավել էր նաև արգելոց-թանգարանի օտարերկրացի հյուրերին, նրանք համակ ուշադրությամբ էին լսում կատարումները: Սանկտ-Պետերբուրգից Հայաստան եկած 11 ամյա Մատվեյ Ստեպանովի խոսքով թեև բառերը հասկանալի չեն, սակայն երգերի մատուցումն այնքան գեղեցիկ ու ազդեցիկ է, որ ակամայից գերում է: Կվարտետի կատարումով պատանին հիացել էր դեռ մի քանի օր առաջ` «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում:
«Մենք տեսագրել ենք, պետերբուրգցի հայ ընկերոջս` Աշոտին, ցույց կտամ անպայման», -անկեղծացավ Մ. Ստեպանովն` ասելով, որ հասցրել է հիանալ մեր երկրի տեսարժան վայրերով:
Ներկաներին հաճելի անակնկալ է մատուցել համերգն ուշադրությամբ ունկնդրող ռուս զբոսաշրջիկների խումբը. ռուսական ու բելառուսական ժողովրդական երգացանկի կատարումներով հանդես են եկել Մերձմոսկովյան ժողովրդական կոլեկտիվ «Ֆեստիվալ» վոկալ անսամբլի կատարողները : Նրանք «Զվարթնոց» կվարտետի հետ համատեղ կատարել են նաև Կոմիտաս վարդապետի ստեղծագործություններից:
«Ֆեստիվալ»-ի գեղարվեստական ղեկավար, ՌԴ մշակույթի վաստակավոր գործիչ Վալենտին Մասլովսկու փոխանցմամբ տպավորություններն աներևակայելի գեղեցիկ և հաճելի են:
«Կախարդական է ամեն ինչ, նայեք այս տաճարի պատերին, աշխարհում ոչ մի տեղ այսպիսի գեղեցկություն չեք տեսնի: Տպավորված եմ հայկական ճարտարապետությամբ: Տաղանդավոր ու հզոր ազգ են հայերը, այս տաճարում երգելը մեծ պատիվ է մեզ համար, մեր ինքնուս երգչախմբի երազանքն իրականացավ. երգեցինք Հայաստանում»,-ասել է Մասլովսկին:
Նրա խոսքով հաճելի էր նաև երգել պրոֆեսիոնալ խմբի` «Զվարթնոց» կվարտետի հետ, որի յուրաքանչյուր կատարողի ձայնը մի յուրօրինակ մարգարիտ է:
«Ֆեստիվալ»-ի անդամներն այս օրերին հասցրել են լինել Խոր Վիրապում, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում, Էջմիածնում, Գեղարդում` հիանալով հայկական ճարտարապետության շքեղությամբ: