ՊՄՊ Սյունիքի մարզային ծառայությունը հուշարձանների պահպանությանն ուղղված աշխատանքներից զատ, ակտիվ համագործակցում է նաև մարզի հանրակրթական դպրոցների հետ: ՊՄՊ մարզային ծառայության պատասխանատուները պարբերաբար բաց դասեր ու էսքուրսիաներ են անցկացնում` աշակերտներին տեղեկություններ փոխանցելով հուշարձանների պահպանության ոլորտի, նաև` հայոց պատմության հետաքրքիր էջերի մասին:
Գորիսի Ակսել Բակունցի անվան թիվ 1 ավագ դպրոցի բարձր դասարանի աշակերտների համար անցկացված` «Լեռնահայաստանի անկախության ազդարարումը» թեմայով բաց դասի ընթացքում ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալ Անահիտ Գրիգորյանը պատմել է Սյունյաց աշխարհի ինքնավարության ձևավորմանը նպաստած քաղաքական իրադարձությունների մասին։ Այնուհետև խոսել է Գարեգին Նժդեհի գործունեության, Լեռնահայաստանի անկախ պետության ձևավորման, պատմական նշանակության մասին։ Թերթելով պատմության էջերը Անահիտ Գրիգորյանը ներկայացրել է Գորիսի տարածաշրջանի այն հուշարձանները, որոնք կերտվել են Լեռնահայաստանի անկախ պետության տարիներին։ ՊՄՊ մարզային ծառայության պետի տեղակալը անդրադարձել է նաև Գորիսի տարածաշրջանի հուշարձանների պատմությանն ու ճարտարապետական առաձնահատկություններին: