Ավանդույթի համաձայն Սուրբ խաչին նվիրված չորրորդ՝ Վարագա խաչի տոնը մեծ հանդիսավորությամբ սեպտեմբերի 25-ին նշվեց Տավուշի մարզի «Նոր Վարագավանքում», որին ընդառաջ Տիրոջ Խաչափայտի մասունքը Մայր Աթոռից տեղափոխվեց «Նոր Վարագավանք»։ Այս տոնը ազգային է, զուտ հայկական և նշում է միայն Հայ Առաքելական եկեղեցին:
Տոնի հետ կապված տեղի է ունենում գիշերային հսկում, իսկ հաջորդ օրը Սուրբ Պատարագ և Անդաստանի կարգ։
Չորրորդ դարում Սուրբ Հռիփսիմեն Տիրոջ Խաչափայտի մասունքը բերում է Հայաստան աշխարհ, և շուրջ 17 դար Խաչափայտի մասունքը գտնվում է մեր ժողովրդի մոտ։ Պատմական Հայաստանի Վարագավանքից տեղափոխվելով՝ մասունքը շուրջ 400 տարի հանգրվանել է հենց «Նոր Վարագավանքում»։
Վարագա Սուրբ Խաչի տոնի օրը, Հայաստանի տարբեր ծագերից ժամանում են ուխտավորներ՝ հաղորդվելու Տիրոջ կենարար Խաչափայտին և նորոգված ու այլակերպված վերադառնում են իրենց հայրենի շեներ և օջախներ։
«Նոր Վարագավանք» կամ Անապատի վանական համալիրը տեղակայված է Տավուշի մարզի Վարագավան գյուղից 3.5 կմ հարավ-արևմուտք: Այս ճարտարապետական համալիրը ժամանակին եղել է Վահրամյաների իշխանության հոգևոր կենտրոնը, որը կառուցել են հենց Վահրամյանների վասալները՝ Նոր Բերդի Կյուրիկյան իշխաններ Դավիթ Բ-ն և նրա որդի Վասակը:
Եկեղեցին ներքուստ ճարտարապետական զուսպ հարդարանք ունի, իսկ արտաքուստ հագեցած է բազմաբովանդակ հարթաքանդակներով: Աչքի են ընկնում բուսակենդանական և երկրաչափական բազմատեսակ պատկերաքանդակները՝ ոճավորված կենաց ծառեր, մարդկային գլխով կնդանակերպ ֆիգուրներ, թռչուններ և այլն: Շքամուտքի ընդհանուր հորինվածքի վրա իր ազդեցությունն է թողել Անիի XII դ. շքամուտքը: