Բրոնզե առարկաներ, խեցեղեն, ճենապակի, թուղթ, մագաղաթ… Երևանի Մ. Մաշտոցի անվան Մատենադարանում ցուցադրվել են վերջին տարիներին հայ մասնագետների վերականգնած հնագիտական, ազգագրական, մատենագրական նյութերը: «Վերականգնումը Հայաստանում» ցուցահանդեսի նպատակն է՝ մշակութային հարուստ նյութերը ցույց տալ մինչև վերականգնումը և վերականգնումից հետո:
Արա Հայթայան «Վերականգնումը Հայաստանում» ցուցահանդեսի համադրող – Այս ցուցադրությունով խնդիր է դրվել, որ սովորական մարդը տեսաֆիլմի ձևով առնչվի վերականգնողի հետ, տեսնի վերականգնողի խոհանոցը և տեսնի իրը՝ մինչ վերականգնումը ու վերականգնումից հետո։ Ներկայացված է մոտ 5000 տարվա մշակութային կտրվածք և երբեմն միտումնավոր փորձել են զուգահեռներ տանել տարբեր դարաշրջանների միջև տեսնելու համար, որոնք են այն ընդհանուր գծերը, որով կարող են Մեծամորը միացնել վաղ միջնադարին, վաղ միջնադարը ուշ միջնադարին ընդհուպ մինչև Սարյան։
Ցուցադրված նյութը մեծ ժամանակագրություն ունի. Ներառում է վաղ բրոնզեդարից մինչև 20-րդ դարի կեսեր՝ օրինակ բրոնզից արձանիկներ,սև և կարմիր խեցեղեն, գործվածք, թուղթ, մագաղաթ, յուղանկար: Լայն է նաև աշխարհագրական ընդգրկվածությունը՝ Կոստանդնուպոլիս, Մադրաս, Ռուսաստան, Նոր Ջուղա, Սիրիա, պատմական Հայաստան, Հայաստանի Հանրապետություն:
Ցուցահանդեսին մասնակցում էին՝ «Մատենադարան» Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ»-ը, «Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոն» ՊՈԱԿ-ը, «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարան» ՀՈԱԿ-ը, «Հայաստանի պատմության թանգարան» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի ազգային պատկերասրահ» ՊՈԱԿ-ը, «Հայաստանի ազգային արխիվ» ՊՈԱԿ-ը և Էջմիածնի Մայր Տաճարի թանգարանը։
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ – ը ցուցադրության է ներկայացրել թվով 15 առարկա՝ ձիասանձի մաս (լկամ), դաշույն, կախիկներ, Գնդեվանքի հավաքածուից՝ քշոց, 2014թ․ «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքից հայ-լեհական արշավախմբի կողմից հայտնաբերված կարաս և «Հնագիտության» ֆոնդում պահվող այլ առարկաներ։
«Վերականգնումը Հայաստանում» ցուցահանդեսը գործելու մինչև 2023 թ. հունիս։