Դեռևս հնագույն ժամանակներից Հայաստանն իր բնական դիրքի շնորհիվ եղել է քարավանային և առևտրական ճանապարհների խաչմերուկ` միմյանց կապելով արևմուտքն ու արևելքը:
Քարավանատների կառուցումն ու զարգացումը պայմանավորված է եղել թերևս այս հանգամանքով:
Ջրափիի քարավանատունը կառուցվել է X-XI դդ․։ Կառուցված է հիմնովին սրբատաշ տուֆից, կրաշաղախով: Թաղավոր ծածկի համար առանձին տեղերում օգտագործվել է նաև ճեղքված տուֆը:
Քարավանատունը կառուցվել է Վրաստանից և Հայաստանի հյուսիսային գավառներից դեպի Անի տանող գլխավոր ճանապարհի վրա և վերաբերում է քաղաքի ծաղկման շրջանին: Այս մասին են վկայում քարերի վրա վարպետների փորագրած նշանները, որոնք նման են նույն ժամանակաշրջանի հուշարձանների վրա հանդիպող նշաններին:
Քարավանատան պահպանված մասը եռանավ դահլիճ է՝ 31 մ ընդհանուր երկարությամբ և 13,65 մ լայնությամբ: Ըստ երկայնքի երկու շարքով տեղադրված են ութական հաստահեղույս մույթեր, որոնք նույն կարգի մյուս շենքերի նման դահլիճը բաժանում են 3 նավի, միջին՝ 4.15 մ լայնությամբ և երկու կողքերի՝ 3.77-3.8 մ լայնությամբ: Երկայնական ուղղությամբ բոլոր մույթերն իրար միացած են կամարներով: Լայնական ուղղությամբ համապատասխան մույթերը նույնպես իրար և արտաքին պատերի հետ միացած են կամարներով, որոնք թաղակիր կամարների դեր են կատարում: Դահլիճը ծածկող միմյանց զուգահեռ 3 գլանաձև թաղերը գտնվում էին ընդհանուր երկթեք կտուրի տակ, որի սալահատակումը չի պահպանվել:
1970-ական թթ․ Ախուրյանի ջրամբարի կառուցման պատճառով քարավանատունը Ներքին Ջրափի գյուղից տեղափոխվել և նույնությամբ վերականգնվել է նոր վայրում։