Ավանդազրույցի համաձայն` Զվարթնոցի տաճարի կառուցման համար հատուկ ընտրվել է Վաղարշապատի մերձակայքում գտնվող Առապար վայրը, որտեղ Խոր վիրապից դուրս գալուց հետո Գրիգոր Լուսավորիչը հանդիպել է Տրդատ թագավորի հետ:
Տաճարի մասին առաջինը տեղեկություն է հաղորդել 7-րդ դարի պատմիչ Սեբեոսը` կառույցն անվանելով Զվարթնոց` «երկնային զինվորների, զվարթ ոգիների` զվարթունների բազմություն»:
Վաղ և զարգացած միջնադարի մյուս պատմագիրներն այն անվանել են Վաղարշապատի կամ Առապարի Սբ Գրիգոր եկեղեցի: Տաճարի կառուցումն իրականացրել է Ներսես III Տայեցի կաթողիկոսն իր առաջնորդության շրջանում (641-661 թթ.): Դա է վկայում տաճարի պատին գտնվող արձանագրությունը. «Ներսեսն է կառուցել, հիշեցեք»: Շինարարությունը սկսվել է մոտ 643 թ.:
Ըստ պատմիչ Մովսես Կաղանկատվացու` տաճարն օծվել է 652 թ.: