Ասում են, մի օր իշխանի որդին ձմռանը շքախմբով անցնելիս է եղել Գեղարքունիքը Վայոց ձորին կապող լեռնանքցքով։ Հազիվ ճանապարհի կեսը անցած, գիշերը վրա է հասել սաստիկ մրրկահողմ, իշխանազնն ու նրա մարդիկ պատսպարվելու տեղ չեն գտել և խեղդվել են բքի մեջ։ Զավակի հիշատակը հավերժացնելու համար առաջնորդը կառուցել է իջևանատուն, որ ձմռան բուքերին Եղեգնաձորի լեռնանցքով անցնողներն իջևանեն այնտեղ մինչև եղանակի պարզվելը։ Իջևանատունն իշխանի որդու անունով կոչվել է Սելիմի քարավանատուն կամ քարվանսարա։
Կառույցը գտնվում է պատմական Սյունյաց նահանգի Գեղարքունիք գավառը Վայոց ձորին կապող ճանապարհին, Սելիմի լեռնանցքի հարավահայաց լանջին, Աղնջաձոր գյուղի տարածքում: Մուտքի բարավորի շինարարական արձանագրությունը վկայում է, որ այն կառուցվել է 1326-1327 թվականներին։
Քարավանատունը բաղկացած է երեք դահլիճներից: Կառուցված է գորշ, սրբատաշ բազալտով:
Քարավանատները Հայաստանով անցնող միջնադարյան հյուրանոցներն էին, ուր իջևանում էին ճանապարհորդներն ու վաճառականները, ինչպես նաև նրանց կենդանիները։
Աշխարհագրական դիրքով և ճարտարապետական լուծումներով առանձնակի կարևորություն ունեցող Սելիմի քարավանատունը միջնադարյան Հայաստանի այլ հուշարձանների համեմատությամբ թերևս ամենալավ պահպանված կառույցն է:
Լեռնանցքը 2014 թվականին անվանափոխման արդյունքում կոչվել է Վարդենյաց լեռնանցք, որտեղ էլ գտնվում է Սելիմի քարավանատունը։