Կանաչ անտառի Կարմիր վանքը

Կանաչ անտառի Կարմիր վանքը

2023-10-05T11:36:27+00:00 05/10/2023|Լրահոս, Հրապարակումներ|

Բերդաձորի Սբ. Գրիգոր կամ Կարմիր վանքը գտնվում է Մարտակերտի շրջանի Վաղուհաս գյուղից 10 կմ հեռավորության վրա, անտառապատ լեռան լանջին: Շրջակայքում անդնդախոր ձորեր են, ճանապարհազուրկ անհարթություններ։

Վանական համալիրը բաղկացած է եկեղեցուց, գավթից, փոքր մատուռից, խցերի և այլ կառույցների ավերակներից։Ըստ գլխավոր եկեղեցու արձանագրության, այն կառուցել է Վախթանգյան իշխանական տան Սակոյան ճյուղի հիմնադիր Սակո իշխանը, 1224 թվականին:

Վանքի խաչքարերը վարդագույն կարծր քարից են  կերտված։

Որոշակի նմանություն կա Կարմիր վանքի և Թարթառի հովտի վանքերի խաչքարերի միջև։ Դրանք բոլորն էլ աչքի են ընկնում քանդակազարդման բարձր տեխնիկայով։

Գլխավոր եկեղեցուն կից է գավիթը և երկրորդ եկեղեցին, որոնք նույն դարի կառույցներ են:

Հուշարձանի հարավային և հյուսիսային պատերը չափազանց հաստ են։ Դրանց մեջ, գավթում շինված են մեծ խորշեր, որոնցից և մուտքեր են բացվում դեպի պատերում տեղավորված ավանդատները։

Կարմիր վանքը հայտնի է իր գրչագիրներով: Որպես գրիչ հիշատակվում է Վարդանը:

Կարմիր վանքը հարուստ է վիմական արձանագրություններով, որոնցից 18-ը հրատարակված են։ Հավաստի, արժեքավոր տեղեկություններ են հաղորդում ոչ միայն վանքի կառուցման, այլև Վերին Խաչենի իշխանությունների քաղաքական, սոցիալ – տնտեսական հարաբերությունների մասին։