Ս. ՍԻՈՆ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ (Հերհերի վանք)
Վայոց ձորի մարզ
գ. Հերհեր
պետ. ցուցիչ` 9.28.20
Գտնվում է Հերհեր գյուղից մոտ 1 կմ հյուսիսարևելք, ձորերով եզերվող ոչ մեծ քարաժայռի գագաթին: Հիմնադրման ստույգ ժամանակը հայտնի չէ: Հիշատակվում է VIII դարում: Հիմնական հուշարձանախումբը բաղկացած է երկու եկեղեցիներից, մատուռից (եկեղեցի): Եղել է պարսպապատ, որի տարածքում պահպանվել են խցերի, օժանդակ տնտեսական շինությունների մնացորդներ, գերեզմանատուն:
Ս. Սիոն (Հովհաննես) եկեղեցի – համալիրի հնագույն եկեղեցին է: Գտնվում է հուշարձանախմբի հյուսիսային կողմում: Կառուցված է կոփածո քարերով: Հատակագծային հորինվածքով ուղղանկյուն, թաղածածկ դահլիճ է`արևելքից և արևմուտքից կիսաշրջանաձև խորաններով: Կառուցման ժամանակը հայտնի չէ: Ըստ պահպանված արձանագրության նորոգվել է XIII դարում:
Ս. Աստվածածին եկեղեցի -կից է Ս. Սիոն եկեղեցուն հարավից: Միանավ, թաղակապ դահլիճ տիպի է, արևելյան կողմում երկու հավասար կիսաշրջանաձև խորաններով: Կառուցված է սրբատաշ քարերով: Ըստ պահպանված արձանագրության կառուցել է Շահռունցի իշխան Պարոն Վահրամը 1283 թ.: Եկեղեցու ներքին և արտաքին պատերին կան XIII-XIV դդ. նվիրատվական բովանդակությամբ բազմաթիվ արձանագրություններ:
Մատուռ (եկեղեցի) -կից է Ս. Սիոն եկեղեցուն հյուսիսից: Միանավ է: Կառուցված է կոփածո քարերով:
Գերեզմանատուն – գտնվում է վանքի բակում, որտեղ կան XIII-XVII դդ. խաչքարեր և տապանաքարեր:
Համալիրի եկեղեցիները վթարային վիճակում են և ընդգրկված են առավել վտանգված հուշարձանների ցանկում:
Հիմնական գրականության
Դիվան հայ վիմագրության, պրակ III, Երևան, 1967: