Ս. Աստվածածին եկեղեցի (Դորբանտավանք)

Ս. Աստվածածին եկեղեցի (Դորբանտավանք)

Դորբանտավանքը վաղ միջնադարյան հայկական ճարտարապետության Գուգարքի դպրոցի եզակի ու արժեքավոր հուշարձաններից է:

Գտնվում է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի տարածաշրջանի Սվերդլով գյուղից 3 կմ հյուսիսարևելք: Հուշարձանի մասին որևէ պատմական և մատենագրական տեղեկություն չի պահպանվել:

Ճարտարապետական առանձնահատկությունների և հարդարանքի մանրամասերի ուսումնասիրությունից ելնելով՝ հուշարձանը վերագրվել է VI դ. առաջին կեսին: Պատկանում է գմբեթավոր, խաչաձև, եռախորան եկեղեցիների տիպին:

Դորբանտավանքը իր հատակագծային յուրօրինակ լուծումով և ճարտարապետական առանձնահատկություններով կարևոր տեղ է գրավում վաղմիջնադարյան եռախորան հուշարձանների շարքում:

Ս. Աստվածածին եկեղեցին առանձնանում է նույնատիպ եկեղեցիներից իր հատակագծային ինքնատիպ լուծումով: Հուշարձանի արևելյան և արևմտյան խաչաթևերը հյուսիսային և հարավային խաչաթևերից երկար են և լայն, որի շնորհիվ կառույցը ստացել է շեշտված ձգվածություն՝ արևելք-արևմուտք ուղղվածությամբ: Գմբեթատակ հիմքը ոչ թե քառակուսի է, այլ՝ ուղղանկյուն, իսկ գմբեթաթաղը՝ ձվաձև:

Ներքուստ կիսաշրջանաձև խորանները արտաքուստ բազմանիստ են: Արևելյան, հյուսիսային և հարավային խորանները ավարտվում են գմբեթարդով, իսկ արևմտյանը՝ կիսագլանաձև թաղով: Արևելյան խորանի երկու կողմերում տեղադրված են ուղղանկյուն հատակագծով երկու ավանդատներ: Ունի երկու մուտք՝ հարավային և արևմտյան կողմերից: Հուշարձանը կառուցված է դեղնականաչավուն ֆելզիտի սրբատաշ մեծաչափ քարերով, իսկ որոշ հատվածներ՝ սև տուֆով:

Եկեղեցին ունի VI դ. բնորոշ դեկորատիվ հարդարանք պայտաձև կամարաշարերով՝ քիվեր, երկշարք ատամիկներով մշակված՝ պատուհանի եզրակալներ:

Ս. Աստվածածին եկեղեցին նորոգվել է 1980 –ական թվականներին:

 

Հիմնական գրականություն

Գրիգորյան Վ., Հայաստանի վաղ միջնադարյան կենտրոնագմբեթ փոքր հուշարձանները, Երևան, 1982:

Շխկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Երևան, 1986: