Միջնադարյան Հայաստանի նշանավոր ճարտարապետական հուշարձաններից է Հոռոմայր վանական համալիրը: Գտնվում է Լոռու մարզում՝ Օձուն գյուղից 1,5 կմ հարավարևելք: Բաղկացած է երկու հուշարձանախմբերից՝ Ներքին և Վերին: Ներքին հուշարձանախումբը տեղադրված է ժայռի տակ, Դեբեդ գետի ձախափնյա ձորալանջին, Վերինը՝ ձորաեզրին, բարձր սարահարթի վրա և տեղադրությանը համապատասխան կոչվել է նաև Ձորաեզրի վանք: Հուշարձանախմբերի՝ իրարից բավական հեռու տեղադրությամբ հանդերձ, Հոռոմայրը եղել է միասնական կրոնական և մշակութային նշանավոր կենտրոն, որի մասին վկայում են բազմաթիվ ձեռագիր հիշատակարանները: Հիմնադրման ստույգ թվականը հայտնի չէ: Մատենագրության մեջ հիշատակվում է VIII դարից:
Հոռոմայրի Ստորին հուշարձանախումբը բաղկացած է իրար կից մեկ շարքում տեղադրված ոչ մեծ եկեղեցի-զանգակատնից, երկու եկեղեցիներից, առանձին ժամատնից, մատուռներից, խաչքարերից, ժայռափոր անձավներից։
Համեմատաբ վաղ կառուցվածը միջին եկեղեցին է՝ կառուցված կոպտատաշ, ծակոտկեն ոչ խոշոր բազալտ քարով։
Եկեղեցի զանգակատունը վիմական արձանագրություններում նշվում է Ս․ Նշան, որը և տարածվել է ողջ հուշարձանախմբի վրա։ Թաղակապ դահլիճ է՝ պայտաձև խորանով։ Խորանի անկյունային մասերի և արևմտյան պատի պատուհանակների վրա հենվում են չորս որմնանկարները։
Արևմտյան պատը անմիջականորեն հարում է ժայռին, որի ստորին մասում շարված են նրբին զարդաքանդակներով խաչքարեր։ Արևմտյան պատի միջին մասից բացվում է դեպի ժայռափոր կլորավուն հատակագծով անձավը։ Հատակը պատված է տապանաքարերով։ Պատերը կառուցված են սրբատաշ բազալտե քարերով, որոնց չափերը ստորին մասում հասնում են միչև 1,5 մ։
Բարավորի հարթության վրա Քրիստոսի դիմաքանդակն է՝ ներքևից սահմանափակված զույգ դափնետերևներով։
Շինարարական արձանագրության համաձայն կառուցվել է 1187 թ․ Զաքարե և Իվանե Զաքարյանների կողմից։
Արևմտյան կողմի ժայռի հյուսիսային շարունակության վրա քանդակված են տասնյակի հասնող խաչաքանդակներ՝ XIII-XIV դդ․ թվագրումներով։
Հարավային եկեղեցին, որ ավելի շատ մատուռ է, իր հորինվածքով նույնպես թաղակապ դահլիճ է՝ քառակուսուն մոտ համաչափություններով։
Արևմտյան միակ մուտքի բարավորի արձանագրության համաձայն կառուցել են Հակոբի և Խալլի որդիներ Սարգիսը և Զաքարեն 1201 թ․։
Ս․ Աստվածածին ժամատունը գտնվում է Ս․ Նշանից 25 մ դեպի հյուսիս։ Այն ընդարձակ սրահ է՝ հյուսիս-հարավ ձգվածությամբ։
Խորանի ճակատի արձանագրության համաձայն կառուցվել է 1301 թ․ Իգնատիոս վարդապետի կողմից։
Ստորին հուշարձանախումբն աչքի է ընկնում միջավայրի հետ ունեցած ներդաշնակ կապով։ Այն իր անմատչելի դիրքով, մերձակա քարայրերի գոյությամբ միաժամանակ հանդիսացել է ապաստարան թշնամու հարձակումների ժամանակ։
Հիմնական գրականություն
Բարխուդարյան Ս., Դիվան հայ վիմագրության, պրակ 9, Երևան, 2012:
Շախկյան Գ., Լոռի. պատմության քարակերտ էջերը, Եր., 1986: