Մարտի 18-ը անվանի ճարտարապետ Թորոս Թորամանյանի ծննդյան օրն է։ Ծնվել է 1864 թ․, Փոքր Հայքի Շապին Գարահիսար քաղաքում։
1884 թ․ մեկնել է Կոստանդնուպոլիս՝ ուսումը շարունակելու։ Ուսանել է՝ Կոստանդնուպոլսի Կայսերական գեղարվեստի վարժարանի ճարտարապետության բաժնում։
Թորոս Թորամանյանը ճամփորդել է տարբեր երկրներով՝ Պարսկաստան, Սիրիա, Թուրքիա, Եգիպտոս, Հունաստան, Իտալիա, Ֆրանսիա:
Մեր ճարտարապետության պատմության էջերում իր անգնահատելի տեղը ունեցող ճարտարապետը կյանքի 30 տարիները նվիրել է հայկական ճարտարապետական հուշարձանների ուսումնասիրությանը։ Թորամանյանի գիտական ամբողջ ժառանգության մեջ գերակշիռ տեղ է զբաղեցնում Հայաստանի V-VII դարերի ճարտարապետական հուշարձանների՝ Բավի Տեկոր, Երերույքի, Քասաղի, Էջմիածնի Մայր տաճարի և Զվարթնոցի մանրամասն ուսումնասիրությունը։
Նա զբաղվել է նաև սուրբ Հսիփսիմե և Գայանե եկեղեցիների, Ավանի, Պտղնիի Թալինի մեծ և փոքր, Արթիկի, և այլ հուշարձանների ուսումնասիրությամբ։ Առաջավոր գիտնական լինելուց բացի, Թորամանյանը նաև հասարակության ակտիվ անդամ էր, մեծ հայրենասեր և առաջադեմ մտավորական:
Անգնահատելի է Թորամանյանի դերը Զվարթնոց տաճարի պեղումների, նաև՝ հետագա գիտական ուսումնասիրություների գործում։ Զվարթնոցը վերակենդանացել է հենց այդ հետազոտությունների շնորհիվ։
«Զվարթնոցը ավերակ չէ, այլ մի շեն դպրոց, և անոր ամեն մի բեկորներն ու գեղաքանդակ քարերը՝ դարապատում ուսուցիչներ…»,-վստահ էր Թորոս Թորամանյանը:
Թորամանյանը մահացել է 1934 թվականին Երևանում։ Աճյունն ամփոփված է Երևանի Կոմիտասի անվան պանթեոնում։
Մարտի 19-ին, ժամը՝ 16։00-ին, «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում կբացվի ճարտարապետության նվիրյալ, հայ ճարտարապետության գիտական պատմության հիմնադիր Թորոս Թորամանյանի 160-ամյակին նվիրված ցուցադրություն։