Եղիպատրուշի Ս. Աստվածածին եկեղեցի

Եղիպատրուշի Ս. Աստվածածին եկեղեցի

Միջնադարյան յուրօրինակ ճարտարապետական հուշարձան  է Արագածոտնի մարզի Ապարանի տարածաշրջանի Եղիպատրուշ գյուղում գտնվող Ս. Աստվածածին եկեղեցին: Հուշարձանը 13-րդ դարի առաջին քառորդի եկեղեցական համալիր է՝ բաղկացած Ս․ Աստվածածին եկեղեցուց, գավթից և երկու ավանդատուն-մատուռից:

 

Եկեղեցու թվագրման համար հիմք են ծառայել ճարտարապետական հատկանիշների վերլուծությունները։ Եկեղեցու որմնաքարերից մեկում առկա ՈԾԷ (1208) թ. թվագիր արձանագիրը:

Ըստ վերջինիս էլ եկեղեցական համալիրը 13-րդ դարի առաջին քառորդի կառույց է: Եկեղեցին կառուցել է Վաչե Վաչուտյան  իշխանը, ճարտարապետ Մխիթար Օշականցու ձեռամբ, վերջինիս հիշատակել են եկեղեցական համալիրից 100 մ. արևելք կանգնեցված որմնափակ երկու խաչքարերից կերտված կոթողի վրա:

Ս.Աստվածածին եկեղեցին կենտրոնագմբեթ, արտաքուստ քառանկյուն, ներքուստ խաչաձև հիմքով, չորս անկյուններով կրկնահարկ ավանդատներով կառույց է: Միակ մուտքը արևմտյան կողմի շքամուտքից է: Արտաքին պատերին, բացի արևմտյան կողմի, վեր են խոյանում հայկական պատմաճարտարապետությանը բնորոշ եռանկյունաձև ակոսով որմնախորշեր:

Եկեղեցու ողջ ծավալի նկատմամբ գերիշխում է գլանաձև թմբուկը՝ իր վեղարեծածկ գմբեթով, որը առագաստաձև գմբեթատակ փոխանցմամբ նստած է ավանդատների  արտաքին անկյուններին լծորդված որմնասյուներին: Եկեղեցին արտաքին գեղարվեստական արտահայտչամիջոցներից զուրկ է, թերևս որպես այդպիսիք նշմարվում են պատուհանները պսակող կամարունքերը: Ներքուստ պատերը ժամանակին պատված են եղել որմնանկարներով, ինչից այժմ փոքրիկ պատառիկներ են պահպանվել:

Եկեղեցին 20-րդ դար է հասել խոնարհված վիճակում: 1976 թ. սկսած մինչև 1988 թ. եկեղեցական համալիրում իրականացվել են վերականգնողական աշխատանքներ: Արդյունքում ամբողջովին վերականգնվել է Ս. Աստվածածին եկեղեցին:

Գավիթը կառուցվել է եկեղեցին կառուցելուց անմիջապես հետո: Այն եկեղեցուն կից է արևմուտքից՝ առանցքային համաչափ ճշտությամբ:

Պատկանում է 13-րդ դարում լայն տարածում գտած կենտրոնակազմ չորս սյուներն ու հանդիպակաց ութ որմնասյուները կամարակապով միաձուլված հորինվածքով գավիթների տիպին: Սրահի արևելյան երկու ակյուններում կառուցված են կրկնահարկ ավանդատներ:

Գավթի մուտքերը երկուսն են՝ մեկը բացված է հյուսիս արևելյան անկյունից, մյուսը արևմտյան ճակատի կենտրոնից, որպես գլխավոր շքամուտք համեմատաբար ավելի ճոխ՝ հարդարված շթաքարային ոճավորմամբ: Ի տարբերություն եկեղեցու, գավթի արտաքին պատերը տեղ-տեղ հարդարված են զարդաոճ խաչապատկերներով:

Հատկանշական է գավթի ճարտարապետական կառուցվածքում տանիքի արևելյան կողմի հյուսիսային և հարավային անկյուններում երկու ավանդատուն-մատուռների յուրօրինակ տեղադրումները: Երկուսն էլ հավասարաչափ, կենտրոնագմբեթ, փոքր ծավալներով եկեղեցիներ են հիշեցնում:

ՈՒնեն մեկական մուտքեր, բացված արևմտյան կողմից տանիքի վրա: Թե՛ ավանդատուն-մատուռները, և թե՛ գավիթը մեզ են  հասել կիսավեր վիճակում: Ս. Աստվածածին եկեղեցու վերականգնման զուգահեռ մասնակի վերականգնվել է նաև գավիթը։

 

 

Օգտագործված գրականություն

Թ. Թորոմանյան, Նյութեր հայկական ճարտարապետության պատմության, 2-րդ հ., Երևան 1948 թ.։

Ս. Բարխուդարյան, Միջնադարյան հայ ճարտարապետներ և քարագործ վարպետներ, Երևան 1963 թ.։

Վ. Մ. Պետրոսյանց, Մռավյան գյուղի Աստվածածին եկեղեցին և արձանագրությունները, ՊԲՀ 1981 թ. № 3։

Վ. Մ. Պետրոսյանց, Ապարանի շրջանի պատմական հուշարձանները, ԲՀԱ 1983 թ. № 2։

Ա. Մանուչարյան, Քուրդ Ա Վաչուտյանի երկու արձանագրության վերլուծություն, ԲՀԱ 2015 թ. № 2 (17)։