«Բերդ» պատմամշակութային արգելոցի Բերդի պատմության և կենցաղի թանգարանում օրը տոնական է։ Թանգարանի նյութական ժառանգության կողքին ոչ նյութական մշակութային արժեքներն են։ Տավուշյան բարբառը, սովորույթներն ու ավանդույթները թանգարանի հարկի տակ են համախմբել Բերդի կրթական հաստատություններին, բարբառագետներին։
Արթուր Երկանյան «Բերդ» պատմամշակութային արգելոցի վարիչ
Պետք է անկեղծորեն խոստովանեմ, չեմ հիշում՝ էլ երբ էինք այսքան շատ այցելու ունեցել․ Թե՛ աշակերտների, թե՛ ուսուցչական կազմի ու համայնքապետարանի ակտիվ մասնակցությունը փաստում է, որ այս միջոցառումը շատ կարևոր ուղերձ ունի՝ նյութական մշակույթի հետ սերունդներին պետք է փոխանցել նաև ոչ նյութականը։
ՅՈՒՆԵՍԿՕ-ն հոկտեմբերի 17-ը հռչակել է ոչ նյութական մշակութային ժառանգության օր։ Օրվա խորհրդով առաջին անգամ են Հայաստանում անցկացվում կրթամշակութային միջոցառումներ։ Բերդի թանգարանում անցկացվող մշակութային միջոցառումը կրում է «Բարբառն ու ազգային խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության մաս» խորագիրը։
Աստղիկ Հակոբյան Բերդ խոշորացված համայնքի ղեկավար
Իսկապես սա լավ առիթ է մեր ունեցած Ոչ նյութական մշակութային ժառանգությունը հիշելու, համայնքների կենսունակ ավանդույթները արժևորելու, շարունակելու համար և պետք է ասեմ, որ իսկապես միջոցառումը իր նպատակին ծառայեց։ Այսօր մենք տեսանք, թե ինչ հետաքրքրությամբ են երեխաները բարբառը ներկայացնում, ազգային ու ավանդական կերակրատեսակների պատրաստմանը մասնակցում ու հուսով եմ առաջիկայում այս միջոցառումը կարող է դառնալ նաև մեր ամբողջ համայնքի այցեքարտերից մեկը։
Կյանքի երկար տարիները Տավուշի բարբառի ուսումնասիրությանն ու հանրահռչակմանը նվիրած Նունե Պողոսյանը ներկայացրել է ազգային մոռացված խաղերի, տեղական խաղիկների, շուտասելուկների, տեղական տոների, սովորույթների ու ծեսերի վերաբերյալ իր ուսումնասիրությունները:
Նունե Պողոսյան Բարբառագետ
Այսօրվա «Բարբառն ու ազգային խոհանոցը՝ որպես ոչ նյութական մշակութային ժառանգության մաս» խորագրով միջոցառումը պարզապես մի սովորական օր չէ, այս օրվա խորհուրդը պետք է ամեն օր պահենք ու պահպանենք։
Միջոցառման ընթացքում փայտե վառարանների վրա մասնակիցները իրենց ձեռքով տավուշյան խոհանոցի ուտեստներ են պատրաստել և համտեսել։ Միջոցառմանը մասնակցել են Բերդ համայնքի չորս դպրոց, Բերդի բազմագործառութային պետական քոլեջը և անհատ ստեղծագործողներ։
Ոչ նյութական մշակութային ժառանգության օրվան նվիրված միջոցառումը Տավուշից Վայոց ձոր է հասել։
«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում Եղեգնաձորի թիվ 2 հիմնական դպրոցի աշակերտներն են։ Թանգարանի վարիչը աշակերտներին ներկայացրել է ՀՀ ԿԳՄՍՆ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հեղինակած «7 ազատ արվեստ» կրթական ծրագիրը․
Արմինե Հարությունյան «Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոցի-թանգարանի վարիչ
Մասնակիցները պատկերաշարի միջոցով ծանոթացել են՝ «Գլաձորի համալսարան»-ի պատմությանը, Գլաձորի մանրանկարչությանը, միջնադարյան համալսարաններում դասավանդված «7 ազատ արվեստ»-ին։
Հայաստանի տոմարագիտության, ճարտասանության, թվաբանության ու նկարչության մասին կրթական ծրագիրը գերել է ներկաների ուշադրությունը։
Արմինե Գևորգյան Եղեգնաձորի թիվ 2 հիմն դպրոցի փոխտնօրեն
«Գլաձորի համալսարան» պատմամշակութային արգելոց-թանգարանում անցկացվող «7 ազատ արվեստ» կրթական ծրագրի մասին շատ էինք լսել, բայց այսօր նաև տեսանք ու մասնակցեցինք, ինչը երեխաների կրթության համար շատ կարևոր է ու մտածում եմ, որ հետագայում ևս մեր ուսումնական պրոցեսի մի մասը կարող ենք և այս թանգարանում անցկացնել՝ երեխաների տեսական գիտելիքները գործնականում կիրառելով։
«Գլաձորի համալսարանում» միջոցառումը եզրափակվել է Կարնո քոչարիով՝ կրկին հանդիպելու մտադրությամբ։