ՀՈՒՇԱՀԱՄԱԼԻՐ` ՆՎԻՐՎԱԾ
ԱՐԵՎԵԼՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ` ՌՈՒՍԱՍՏԱՆԻՆ ՄԻԱՆԱԼՈՒ 150-ԱՄՅԱԿԻՆ
Լոռու մարզ
գ. Նոր Խաչակապ
պետ. ցուցիչ` 5.83.1
Հուշահամալիրը գտնվում է Սպիտակ–Վանաձոր ավտոմայրուղու աջ մասում, Նոր Խաչակապ գյուղի դիմաց: Կառուցվել է 1978 թ.՝ 1828 թ. Թուրքմենչայի պայմանագրով Արևելյան Հայաստանի` Ռուսաստանին միանալու 150-ամյակի առթիվ: Հեղինակն է ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ Գրիգոր Աղաբաբյանը: Կոթողը կանգնեցվել է այն նույն տարածքում, որտեղ հանգչում են Արևելյան Հայաստանի ազատագրման համար 1804 թ. ճակատամարտում մայոր Իոսիֆ Մոնտրեզորի հրամանատարությամբ պարսկական 6000-անոց բանակի դեմ կռված և զոհված 114 ռուս զինվորների, ինչպես նաև Ռոստոմ Բեկի գլխավորած կամավորական ջոկատի 60 զոհված հայորդիների աճյունները:
Հուշարձանը զբաղեցնում է ընդարձակ դարավանդաձև հարթակներով տարածք, որտեղ ամփոփված են զոհված մարտիկների շիրիմները: Շրջապատված է կանաչ գոտիներով ու ծաղկանոցներով: Մուտքը դեպի համալիրի տարածք անցնում է բազալտե հաղթակամարի միջով, որի աջ և ձախ սյուներին քանդակված են Հայաստանի և Ռուսաստանի պետական զինանշանները:
Դարավանդաձև հարթակները տանում են խորք, որտեղ գտնվում է 114 զինվորների գերեզմանը: Այն ոչ մեծ բրգաձև հորինվածք է` շարված տուֆ քարով, ավելի հին գերեզմանի վրա: Բուրգի կենտրոնում տարեթիվն է` 1804 թ.:
Հուշարձանի տարածքում տեղադրված են 3 հուշատախտակներ` հայերեն և ռուսերեն տեքստերով:
Զոհված հերոսների հիշատակը հավերժացնելու նպատակով, Թիֆլիսի գնդի սպաների նախաձեռնությամբ այս վայրում կառուցվել է հուշասյուն, որը ավերվել է 1827 թ. երկրաշարժից: Վերջինս 1840 թ., Կովկասի փոխարքա կոմս Ի.Վ. Վորոնցովի ցուցումով, Թիֆլիսի գնդի սպայակազմի ուժերով և տեղացիների օժանդակությամբ վերականգնվել է:
1904 թ. օգոստոսի 22-ին հանդիսավոր կերպով նշվել է ճակատամարտի 100-ամյակը: