ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

ԹԱՆԱՀԱՏԻ ՎԱՆԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ

2015-04-22T11:46:24+00:00 31/03/2015|Սյունիքի Հուշարձաններ|

Սյունիքի մարզի Սիսիանի տարածաշրջանի Արևիս գյուղից 3 կմ հյուսիս տարածվում է Թանահատ գյուղատեղին: Գյուղատեղիում` Սիսիան գետի վերին հոսանքի աջ ափին, բարձրադիր տափարակ վայրում է գտնվում Սյունիքի նշանավոր վանական համալիրներից մեկը` Թանահատի վանքը (պետ. ցուցիչ` 8.19.2.1): Հիմնադրումը վերագրվում է V-VI դարերին: Վանքի Ս. Ստեփանոս Նախավկայի անունը կրող եկեղեցին միանավ բազիլիկ շինություն է, բեմի լրիվ պայտաձև կամարով: Կառուցված է կարմրավուն քարից, այդ է պատճառը, որ տեղացիներն այն կոչում են «Կարմիր վանք» («Ղըզըլ վանք»): Շարվածքը դրսից և ներսից կատարված է խոշոր, սրբատաշ քարերով, մուտքերը երկուսն են` հարավային և արևմտյան: Հարավային կողմում ունեցել է սյունասրահ:

Ստ. Օրբելյանը, թվարկելով Սյունիքի երեսուն խոշոր վանքերն ու եկեղեցիները, գրում է, որ առաջինը, Սիսական տան բոլոր վանքերի գլուխն ու շնորհաշատության աղբյուրը, Տաթևն է: Նրան հաջորդում է մեծ առաքինարան Թանահատի վանքը: Օրբելյանը տալիս է նաև վանքի անվան մեկնաբանությունը. վանքի կրոնավորները` հեռացած ամեն տեսակի փափուկ կերակուրներից, միայն բանջարեղենով ու ընդեղենով էին սնվում` հրաժարվելով անգամ թանից: Այդ պատճառով էլ թանահատներ կոչվեցին, այստեղից էլ վանքի անունը` Թանահատի վանք: Ըստ ավանդույթի ` վանքը հիմնադրել է Մխիթար ճգնավորը, որի գերեզմանն էլ գտնվում է վանքի մոտ: Ղ. Ալիշանը ենթադրում է, որ Թանահատի տեղում հնում գոյություն է ունեցել Անահիտ Աստվածուհու մեհյանը:

Այժմ կանգուն է եկեղեցու հյուսիսային պատը` գրեթե ամբողջությամբ, հարավային, արևելյան ու արևմտյան պատերը պահպանվել են մասնակիորեն` 1.5-2մ բարձրությամբ: Տանիքը` բացի բեմի կամարից, փլված է, իսկ բեմի կամարը 1976թ. վերականգման նախագիծ կազմելու ընթացքում քանդվել, համարակալվել և, եկեղեցուց մոտ 70 մ հեռավորության վրա, իր նախական ձևով դասավորվել է գետնին: Եկեղեցուց հարավ գտնվող սյունասրահից կանգուն է մնացել սյուներից մեկը` մոտ 1.8 մ բարձրությամբ: 2013թ. հարավային պատից մի մեծ հատված փլվել է, փլվածքը թափվել է սյունասրահի մեջ` վնասելով սրահի գետնին ընկած սյունը: Վանքի շրջակայքում կան բնակավայրի, խոշոր, անմշակ գերեզմանաքարերի ու խաչքարերի մնացորդներ: Շրջակայքում թափված քարաբեկորների մեջ հանդիպում ենք քանդակազարդ խոյակներ, սյուների, պատվանդանների և քիվերի ամբողջական կամ վնասված մնացորդներ, որոնք վկայում են վանքի երբեմնի վեհության ու գեղեցկության մասին: 1975թ. վանքի ավերակներում հայտնաբերվել և այժմ Էրեբունի թանգարանում է պահվում ուրարտական Արգիշտի II արքայի (մ.թ.ա. VII դ.) թողած սեպագիր մի արձանագրություն` փորագրված բազալտե քարակոթողի երկու երեսին:

Օգտագործված գրականություն

1. Դիվան հայ վիմագրության, պրակ 2, կազմեց` Ս. Բարխուդարյանը, Երևան, 1960:
2. Օրբելյան Ստ., Սյունիքի պատմություն, Երևան, 1986:
3. Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան, հատոր 2, Երևան, 1988: