Լոռու մարզ, գ. Հաղպատ, պետ. ցուցակ` 5.60.33.1.
Հուշաղբյուրը (1258թ.) Հաղպատի վանական համալիրը ամբողջացնող կառույցներից է: Այն գտնվում է հուշարձանախմբի պարսպից դուրս, արևելյան կողմում, 100 մ հեռավորության վրա:
Այն կառուցված է սրահի տեսքով, բազալտե սրբատաշ քարերով, հարավից արտաքին տեսքն աչքի է ընկնում երեք կամարաձև բացվածքներով, իսկ կենտրոնում՝ իրարից բաժանվում են երկու ամբողջական սյուներով, մյուս կողմերի սյուները հպված են պատի շարվածքին: Ուղղանկյուն սրահի կենտրոնական կամարն ավելի բարձր ու լայն է, քան մյուսները: Կառույցը ծածկված է կիսագլանաձև թաղով` առնված ճակտոնավոր երկլանջ կտուրի տակ: Սրահի ներսում կան քարե նստարաններ, հյուսիսային պատի երկայնքով ձգվում են վեց քարե ավազաններ, որը հոսող ջուրը հավաքում է ստորգետնյա ջրամբարում, ինչն էլ հիմք է տալիս այն օգտագործել ոռոգման նպատակով: Կենտրոնական կամարի ճակատային մասում առկա է արձանագրություն աղբյուրի կառուցման և վերանորոգման վերաբերյալ (հիշատակվում են վանահայր Հովհաննեսը ԹՈՒ ՉԷ… և Անտոն արքեպիսկոպոսը…):
Ջուրը բերված է Սուրբ Լույս լեռնալանջի ակունքներից կավե թրծած խողովակներով, որն, ըստ ավանդության, բխել է Սուրբ Լույսի իջման շնորհիվ:
Սանահին – Հաղպատ վանական համալիրները ոչ միայն աչքի են ընկել իրենց նրբագեղ շինարարական լուծումներով, այլև ինքնատիպ աղբյուրների առկայությամբ:
Եթե «Սանահին» անվան ստուգաբանությունը ընդգծում է նրա հնամենի լինելը «Սա զնա հին…», ապա Հաղպատը՝ ստուգաբանվում է որպես «հպարտ» «հաղթական պատ…»: Ուշագրավ է նաև ճարտարապետական որոշակի լուծումներով աղբյուրների նմանությունը, բացառությամբ միայն կամարների քանակի. Սանահինը երկկամար է, իսկ Հաղպատը առանձնանում է իր երեք կամարներով:
Օգտագործված գրականություն
1. Շախկյան Գ., Լոռի: Պատմության քարակերտ էջերը, Երևան, «Հայաստան», 1986: