ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ` ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔԻ ՄԱՍԻՆ

ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ԼՍՈՒՄՆԵՐ` ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐԻ ՈԼՈՐՏԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՕՐԵՆՔԻ ՄԱՍԻՆ

2015-10-27T14:49:01+00:00 26/10/2015|Լրահոս|

Կոմիտասի անվան թանգարան-ինսիտուտում տեղի են ունեցել «Թանգարանների եւ ՀՀ թանգարանային ֆոնդի մասին» եւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթի վերաբերյալ խորհրդարանական լսումներ: Աժ գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախաձեռնած լսումներին մասնակցել են ՀՀ ԱԺ պատգամավորներ, ԼՂՀ խորհրդարանի գիտության, կրթության, մշակույթի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Վարդգես Ուլուբաբյանը, հանրապետության տարբեր մարզերի, համայնքների թանգարանների տնօրեններ եւ ՀՀ մշակույթի նախարարության ներկայացուցիչներ:

ՀՀ ԱԺ գիտության, կրթության, մշակույթի երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արտակ Դավթյանը տեղեկացրել է, որ լսումների նպատակը թանգարանային ոլորտում իրավական դաշտի կարգավորումն է և պետք է ունենալ այնպիսի օրենք, որը կկարգավորի թանգարանների գործունեությունն ու թանգարանային ֆոնդը:

Հիմնական զեկուցող, ՀՀ մշակույթի փոխնախարար Արեւ Սամուելյանի խոսքով, այսօր Հայաստանում գոյություն ունի 123 թանգարան, որոնցից 54-ը՝ Երեւանում: 2015 թվականին ֆոնդերը համալրվել են 11 հազար 322 թանգարանային առարկաներով: Արեւ Սամուելյանը ոլորտի գերխնդիրներից է համարել ցուցադրական եւ ֆոնդային տարածքների ընդլայնումը: Մշակույթի նախարարի տեղակալի փոխանցմամբ, թանգարանների ոլորտում պետական քաղաքականության հիմնական ուղղություններից է առկա մշակութային արժեքների եւ հավաքածուների համալրումը, հաշվառումը, գիտական ուսումնասիրությունը, հանրահռչակումը, պահպանությունը, պաշտպանությունը, ինչպես նաև կադրերի վերապատրաստումը, նոր ցուցադրությունների կազմակերպումը, ցուցադրական եւ ֆոնդային տարածքների ընդլայնումը, նոր ցուցադրական տարածքների ընդգրկումը: Փոխնախարարը նշել է, որ նախագծով կարգավորվում են թանգարանների ստեղծման, գործունեության դադարեցման, Հայաստանի Հանրապետության թանգարանային ֆոնդի ձեւավորման, համալրման, հաշվառման եւ պահպանության հետ կապված հարցերը: Նախագծի ընդունման եւ դրա կիրառման արդյունքում գործարար եւ ներդրումային միջավայրի վրա ազդեցություն չի նախատեսվում: Օրենքի նախագծով սահմանում են թանգարանի տեսակներն ու գործառույթները, ՀՀ թանգարանային ֆոնդի ձեւավորման, համալրման, անվտանգության իրավական հիմքերը:

Փոխնախարարը մանրամասն անդրադարձել է օրենքի նախագծի հոդվածներին, մասնավորապես հասկացություններին, որոնք, ըստ նրա, կարգավորման համար կարեւոր նշանակություն ունեն:
Նա նաեւ տեղեկացրել է, որ օրենքի նախագծի նպատակներից է նաեւ բնության և մշակույթի նյութական եւ ոչ նյութական ժառանգության պահպանումը, փոխանցումը սերունդներին, գիտականորեն ուսումնասիրված և հաշվառված թանգարանային առարկաների, հավաքածուների ձեւավորումը, ազգային արժեհամակարգին եւ քաղաքացիական հասարակարգի ձեւավորմանը նպաստելը :

Օրենքի նախագծի վերաբերյալ հիմնական զեկուցողներին ուղղվել են թանգարանների ոլորտին վերաբերող բազմաթիվ հարցեր: