«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ը դեռ նախորդ տարի համագործակցության եզրեր էր ուրվագծել Բեյրութի Հայկազյան համալսարանի հետ: Միջին Արևելքում կես դարից ավելի գիտակրթական ու դաստիարակչական գործունեություն ծավալած հայկական կրթօջախը առաջիկայում տարբեր ծրագրեր կիրականացնի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հետ:
Կազմակերպության ղեկավար Արա Թարվերդյանը և Հայկազյան համալսարանի «Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոն»-ի տնօրեն, «Հայկազյան հայագիտական հանդես»-ի պատասխանատու քարտուղար Անդրանիկ Դաքեսյանը գիտագործնական ու գիտահետազոտական համագործակցության պայմանագիր են ստորագրել: Փաստաթղթով նախատեսվում է գիտաշխատողների, ուսանողների մասնագիտական փորձի փոխանակում և մասնակցություն` համատեղ իրականացվող գիտահետազոտական ծրագրերին: Նախանշվում է նաև Լիբանանում գտնվող հայկական հուշարձանների փաստագրում, ուսումնասիրում և հանրահռչակում, համատեղ գիտաժողովների, համատեղ ցուցադրությունների, ցուցահանդեսների, դասախոսությունների կազմակերպում: Համատեղ ուսումնասիրությունները և գիտագործնական աշխատանքները (հնագիտություն, ազգագրություն, մարդաբանություն) կհրատարակվեն Հայակազյան հայագիտական հանդեսում, նաև`«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի հրատարակած հանդեսներում:
Ի դեպ, 2019 թ. «Հայկազյան հայագիտական հանդես»-ում ներառելու համար լիբաբանահայ գործընկերներին են ուղարկվել ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանի, տնօրենի տեղակալ Լիանա Գևորգյանի, գիտնական-քարտուղար, պատմական գիտությունների դոկտոր-պրոֆեսոր Աշոտ Փիլիպոսյանի և գիտաշխատողների գիտական հոդվածները:
Որպես գործակցության սկիզբ «Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոն»-ի տնօրեն Անդրանիկ Դաքեսյանն առաջարկել է Արա Թարվերդյանին գալիք տարի «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակայությամբ գործող հուշարձանների պահպանությանն առնչվող դասախոսություն կարդալ Բեյրութում: Առաջարկն ընդունվել է սիրով, կազմակերպության ղեկավարն իր հերթին նշել է, որ կներկայացվի նաև հայկական հուշարձանների մասին պատմող սլայդ-շոու, փաստավավերագրական ֆիլմ կցուցադրվի, նաև` ցուցադրություն կկազմակերպվի:
ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը տեղեկացրել է, որ օրերս Գերմանիայում մասնակցել է Եվրոպական մշակութային ժառանգությանը նվիրված համաժողովի, որտեղ քննարկվել են Եվրոպական ժառանգության կամավորներ կազմակերպության հետ հետագա համագործակցության ուղղությունները, նաև` Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանության և հանրահռչակման գործում միջազգային կամավորներին ընդգրկելու հարցը: Նախնական պայմանավորվածության համաձայն 2019 թ. օգոստոսի 1-ին երկու շաբաթով Հայաստան կգա 12 կամավոր, ևս 4-ը` նրանց կմիանա այստեղ: Կամավորական ճամբարը կգործի Վայոց ձորի մարզում, կամավորները աշխատանքներ կիրականացնեն Զորաց եկեղեցու տարածքում:
Արա Թարվերդյանն առաջարկել է սփյուռքի գործընկերներին միանալ կամավորական աշխատաքներին: Նրանք հնարավորություն կունենան ճանաչել հայկական պատմամշակութային ժառանգությանը, էքսկուրսիաների մասնակցել և այլն: Հայկազյան համալսարանի «Հայկական սփյուռքի ուսումնասիրությունների կենտրոնի» տնօրենը նշել է, որ լիբանանահայ երկու կամավոր կմասնակցի ծրագրին:
«Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենը Ա. Դաքեսյանին է նվիրել կազմակերպության հրատարակած «Ջուղա» հարյուրամյա ցեղասպանության վկան քառալեզու ալբոմը, որում ներառված են ՊՈԱԿ-ում պահպանվող Արամ Վրույրի՝ 20-րդ դարասկզբի Ջուղայի հայկական գերեզմանատան խաչքարերի լուսանկարներ, պատմական ու գիտական տեղեկություններ։ Գրքին կից ներկայացված է նաև Ջուղայի խաչքարերի ոչնչացման մասին պատմող`«21-րդ դարի վանդալները» քառալեզու վավերագրական ֆիլմի խտասկավառակը: