(Armenian) ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

(Armenian) ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

2013-10-01T11:13:50+00:00 October 1st, 2013|Recent News|

ՀՀ մշակույթի նախարարության
«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի 25-ամյա գործունեությանը նվիրված գիտաժողովի

ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ

Քաղաքակրթության պատմության մեջ առանձնահատուկ տեղ ունեն պատմամշակութային ժառանգության հուշարձանները: Արժեքներ, որոնք յուրովի ներկայացնում են համայն մարդկության ձևավորման, զարգացման ու վերընթացի բացառիկ ուղին:

Աշխարհի շատ ու շատ ժողովուրդների նման հայությունը ևս իր բազմադարյան պատմության խաչուղիներում թե՛ պատմական հայրենիքում և թե՛ նրա սահմաններից դուրս ստեղծել է նյութական և հոգևոր մշակութային բացառիկ արժեքներ: Մի հարուստ ժառանգություն, որը համաշխարհային մշակույթի գանձարանի անբաժան մասն է: Միայն պատմական հայրենիքի տասնորդված տարածքում` այսօրվա Հայաստանի Հանրապետությունում, պահպանված հուշարձաններից շուրջ 25 հազարը հաշվառված են և գտնվում են պետական պահպանության ու հոգածության ներքո: Վերջիններիս պահպանությունը, ուսումնասիրումն ու վերականգնումը արդի և գալիք սերունդների ոչ դյուրին, սակայն հույժ կարևոր գործն են: Միևնույն ժամանակ պետք է արձանագրել, որ միշտ չէ հաջողվում ամբողջովին կենսագործել հուշարձանների պահպանության գործին վերաբերող օրենքները և այդ ուղղությամբ զբաղվող հաստատությունները, պետական կառույցներն ու հասարարական կազմակերպությունները դեռևս անելիքներ ունեն: Որոշ հուշարձանների պահպանմանն ու օգտագործմանը վերաբերող օրենքների անտեսում և շրջանցում է նկատվում նաև Հայաստանի Հանրապետությունում: Մասնավորապես խոսքը վերաբերում է Երևանի «Փակ շուկա»-յին, որը ներառված է պետության կողմից հաստատված և օրենքով պահպանվող պատմամշակութային ժառանգության անշարժ հուշարձանների ցանկում: Այդ հուշարձանի օտարումը, վերանորոգումն ու վերականգնումը պետք է իրականացնել մասնագիտական խնդիրների համակողմանի քննարկման և մեկնաբանման արդյունքում, ՀՀ օրենսդրության սահմաններում, բացառելով որևէ ապօրինություն և կամայական որոշում:

Տարաժամանակյա հայկական հուշարձաններ են գտնվում ժամանակակից Թուրքիայի արևելյան շրջաններում, հարևան Վրաստանում, Իրանում, Ադրբեջանում և հայկական այլևայլ գաղթօջախներում (Ուկրաինա, Ռուսաստանի Դաշնություն, Բելառուս, Մոլդովա, Լեհաստան, Հունաստան և այլուր): Ցավով պետք է նշել, որ որոշ երկրներում` մասնավորապես Ադրբեջանում և Թուրքիայում, հայկական նյութական ժառանգության արժեքների պահպանության դրվածքը ամենևին չի համապատասխանում հուշարձանապահպան միջազգային կազմակերպությունների (ՅՈՒՆԵՍԿՕ, ԻԿՈՄՈՍ) սկզբունքներին և իրավանորմերին: Միայն 1998-2006 թթ. ընթացքում Նախիջևանի Ինքնավար Հանրապետության տարածքում (Ադրբեջան) պետական մարմինների թողտվությամբ և հովանավորությամբ մշակութային վանդալիզմի զոհ են դարձել դարձան հայոց շուրջ 27 հազարի հասնող մեծ ու փոքր հայկական հուշարձաններ: Հայկական հուշարձանների պահպանության գործը տակավին բարվոք չէ նաև Թուրքիայում, թեև պետք է արձանագրել, որ վերջին տարիներին թուրքական կառավարության որոշակի ուշադրության շնորհիվ նորոգվել են հայկական մի քանի հոգևոր կոթողներ` ինչպես, օրինակ, Ախթամարի Ս. Խաչ, Դիարբեքիրի Ս. Կիրակոս, Անիի Ս. Գրիգոր և այլ եկեղեցիներ: Սակայն դա տակավին չի կարող գոհացնել ո՛չ այդ հուշարձանների օրինական տերերին և նրանց ժառանգներին, ո՛չ էլ ընդհանրապես մշակութային արժեքների գոյատևման խնդիրներով մտահոգ առաջադեմ մարդկությանը:
ՀՀ մշակույթի նախարարության «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն իր քառորդդարյա բոլորանվեր աշխատանքներով հետայսու ևս ամեն ջանք գործադրելու է հուշարձանների պահպանության, ուսումնասիրման, օգտագործման և հանրահռչակման առաքելությունը կատարելու և կատարելագործելու ուղղությամբ:

Նկատի ունենալով համաշխարհային պատմամշակութային ժառանգության բացառիկ դերն ու նշանակությունը տարբեր ժողովուրդների մերձեցման, մշակութային երկխոսության ձևավորման և, ընդհանրապես, մշակութային հանդուրժողականության, համերաշխության ու բարեկամության հաստատման գործում, գիտաժողովի մասնակիցները ևս մեկ անգամ փաստում ու հայտարարում են.
ա) Անցյալի համաշխարհային պատմամշակութային ժառանգության պահպանումն ու ապագային ավանդելը յուրաքանչյուր պետության ու հասարակության սրբազան պարտքն ու գալիքի այցեքարտն են:
բ) Հուշարձանների հիմնավոր ուսումնասիրման, պահպանման, օգտագործման և հանրահռչակման համար անհրաժեշտ է տարածաշրջանային երկրների հուշարձանապահպան կառույցների սերտ և անաչառ համագործակցություն:
գ) Մոլորակի բազմազգ հասարակայնությանը մշակութային ժառանգության համապարփակ իրազեկման և մատաղ սերնդի հավուր պատշաճի դաստիարակության համար հրատապ են համատեղ միջազգային գիտաժողովների, մասնագիտական սեմինարների, թեմատիկ երկխոսությունների պարբերական կազմակերպումն ու անցկացումը` հուշարձանապահպան միջազգային կազմակերպությունների հովանու ներքո և նրանց անմիջական աջակցությամբ:
դ) Սույն հայտարարությունը գիտաժողովի մասնակիցները փոխանցում են իրենց երկրների հուշարձանապահպան կազմակերպություններին և պարտավորվում են ըստ ամենայնի նպաստել այդ երկրների տարածքներում գտնվող հուշարձանների պահպանության գործի բարելավմանը:

Գիտաժողովի կազմկոմիտե