«Ամբերդ» պատմամշակութային արգելոց

«Ամբերդ» պատմամշակութային արգելոց 2023-08-16T17:03:07+00:00

«Ամբերդ ամրոց»  պատմամշակութային արգելոցը ստեղծվել է ՀՀ կառավարության 2017 թ. մայիսի 18-ի  N 541-Ն որոշմամբ` ներառվելով «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի կազմում:  Պատմամշակութային արգելոցի տարածքը 45,07 հեկտար է:

Ամբերդ  ամրոց-բերդաքաղաքը գտնվում է ՀՀ Արագածոտնի մարզի Աշտարակի տարածաշրջանի Բյուրական գյուղից 7 կմ հյուսիս-արևմուտք, Արագածի հարավային լանջին, Արքաշեն և Ամբերդ գետերի միախառնման տեղում` եռանկյունաձև հրվանդանի վրա: Ամրոցի կառուցման տեղը ընտրվել է հին և միջնադարյան Հայաստանում ընդունված ամրոցաշինության սկզբունքների համաձայն:  5 հա տարածությամբ եռանկյունաձև հրվանդանը, որի վրա գտնվում է ամբողջ բերդաքաղաքը, երեք կողմից շրջապատված է անդնդախոր ձորերով:

Ամբերդի հիմնադրման ստույգ ժամանակաշրջանը հայտնի չէ: Որոշ գիտնականներ այն վերագրում են կիկլոպյան, ոմանք էլ` ուրարատական և վաղմիջնադարյան ժամանակաշրջաններին: Պեղումների և պատմահնագիտական ուսումնասիրությունների հիման վրա Ամբերդ ամրոցը թվագրվում է X-XIII դդ.:

Ըստ պատմական աղբյուրների Ամբերդի շինարարությունը սկսվել է VII-րդ դ. Կամսարական իշխանների կողմից:  X դ. պատկանել է Պահլավունի իշխաններին և եղել Բագրատունյաց  թագավորության  կարևոր ռազմապաշտպանական-հենակետերից մեկը, որն  իր բնական դիրքով ու պաշտպանական կառուցվածքներով  անառիկ ամրոցի համբավ է ունեցել: Նրան էր վերապահված Անի քաղաքի պաշտպանողական օղակի պատասխանատու դերերից մեկը:

Հետագայում Ամբերդն անցել է Զաքարյաններին, այնուհետև  Վաչուտյաններին, որոնց օրոք այն դարձել է այդ իշխանական տան վարչական կենտրոնը :

«Ամբերդ ամրոց» պատմամշակութային արգելոցն ընդգրկում է հետևյալ ճարտարապետական կառույցները. միջնաբերդը  կամ իշխանական դղյակը և դղյակի մուտքը, պարիսպները, Արքաշենի և Ամբերդաձորի դարպասները, Կաթողիկե Վահրամաշեն եկեղեցին  (1026 թ.), մատուռը, ձիթհանը, խմելու ջրի ցանցն ու ջրամբարները, բաղնիքը (X-XI դդ.),, գաղտնուղիները և այլ շինություններ ամրոցի ներսում:

Դղյակ – բերդաքաղաքի հյուսիսարևմտյան բարձրադիր մասում կառուցված բազալտաշեն այս համալիրի ավերակների ճարտարապետա-հնագիտական ուսումնասիրություններից և դղյակի լուսամուտներից  եզրակացվել է, որ այն եղել է եռահարկ, որոշ մասերում` քառահարկ, գերանակազմ միջհարկային ծածկերով և բազմիցս վերակառուցվել, ամրացվել է: Առաջին հարկը հատկացված է եղել տնտեսական նպատակների համար, իսկ երկրորդ և երրորդ հարկերը ծառայել են որպես բնակելի հարկաբաժիններ: Այն իշխող դիրք ունի ողջ ամրոցի և շրջապատի նկատմամբ, դրանով իսկ ապահովելով իր պաշտպանությունը և ընդգծելով  իր կարևորությունն ամրոցի համալիրում: Նրա շուրջ 1500 քմ տարածքն ամփոփված է  բարձր (15-16 մ) և հաստ (2-3 մ) այժմ կիսաքանդ պատերի մեջ: Դրանք հյուսիսային կողմում բրգաձև են, իսկ հարավայինում` հարթ:

Բաղնիք – գտնվում է դղյակի և Արքաշենի դարպասի մոտ. դղյակից մոտ 70 մ հեռավորության վրա, արևելյան պարսպապատին կից: Այն Պահլավունիների կողմից XI դարում կառուցված նշանավոր շինություններից  է: Կառուցված է սրբատաշ քարերով և ընդհատակյա ջեռուցման համակարգով : Հուշարձանն ունի ուղղանկյուն հատակագիծ` երկայնական առանցքի նկատմամբ հաջորդաբար տեղավորված հանդերձարանով, լողասրահով և ջեռուցման համակարգով: Սենյակներից մեկի պատին նշմարվում են որմնանկարչության հետքեր: Լոգարանն ու հանդերձարանը ծածկված են տրոմպային անցմամբ գմբեթարդներով:  1936 թ. ակադեմիկոս Հ. Օրբելու ղեկավարությամբ պեղվեց բաղնիքն ու շրջապատը, իսկ 1972 թ. Յու. Թամանյանի նախագծմամբ սկսվեց բաղնիքի  մաքրման ու  վերականգնման աշխատանքները:  2005 թ. գրեթե ամբողջությամբ վերականգնվեց բաղնիքը:

Մատուռ – գտնվում է բաղնիքից մոտ 9 մ. հեռավորության վրա: Այս մատուռը ենթադրվում է, որ կառուցվել է  X դ. ոչ շուտ:

Կաթողիկե (Վահրամաշեն) – Արքաշենի պարսպի մոտ, բերդաքաղաքի կենտրոնական բարձրադիր մասում է գտնվում Վահրամաշեն եկեղեցին` կառուցված 1026 թ. Վահրամ Պահլավունու հովանավորությամբ: Եկեղեցին ունի խաչաձև գմբեթավոր հորինվածք: Ուղղանկյուն հատակագծի մեջ ամփոփված է աղոթասրահը` արևելյան  կողմի ավագ սեղանով և 4 անկյունների ավանդատներով: Ներքուստ բոլորաձև, արտաքուստ 12 նիստանի թմբուկը հարդարված է զույգ որմնասյուներով և ծածկված է հովանոցաձև վեղարով: Վերջինս ուշագրավ է և նման ծածկի առաջին օրինակն է: Եկեղեցու ներսում` պատի վրա, գտնվում է եկեղեցու կառուցման վերաբերյալ շինարարական արձանագրությունը: Եկեղեցու արտաքին ճարտարապետությունը պարզ է և անպաճույճ: Եկեղեցու բակում գտնվում է արևի ժամացույցը: 1970-75 թթ. եկեղեցին վերանորոգվել է դրսի կողմից:

Ամրոցն ունեցել է նաև  երկու գաղտնուղի, որոնք իջել են Ամբերդաձոր: Գաղտնուղիներն  ունեն մոտ 1,8 մ բարձրություն և 1,5 մ լայնություն:  Ամրոցի տարածքում գոյություն է ունեցել նաև ձիթհան, որտեղ ձեթ են արտադրել:

Անցած տասնամյակներում Ամբերդում կատարվել են մի շարք հնագիտական պեղումներ և հուշարձանների ամրակայման, վերանորոգման մի շարք աշխատանքներ: Այստեղ  պեղումներ են  կատարել  Թորոս Թորամանյանը,  ակադեմիկոս Հ. Օրբելին` 1936 -40 թ.: Այնուհետև պեղումները շարունակել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստիտուտը` 1963-72 թթ., Ն. Տոկարսկու, Ս. Հարությունյանի ղեկավարությամբ: Պեղումների ընթացքում հայտնաբերվել են մետաղյա իրեր, զենքեր, արծաթե զարդեր, խեցեղեն, ապակեղեն, ոսկե, պղնձե դրամներ, մոմակալներ, բրոնզե աշտանակներ և այլ հնագիտական իրեր:

1949-72 թթ. ճարտարապետներ Կ. Ղաֆադարյանի, Ա. Ժամհարյանի, Վ. Հարությունյանի, Ս. Քյուրքչյանի, Ա. Միրիջանյանի կատարած չափագրությունների հիման վրա ճարտարապետ Յու. Թամանյանի կազմած վերանորոգման նախագծով կատարվել է Վահրամաշեն եկեղեցու, բաղնիքի վերանորոգման և ամրակայման աշխատանքներ:

Ամբերդի համալիրում հուշարձանների վերականգնման, բարեկարգման աշխատանքներ են կատարվել նաև 2005-2007 թթ.: