ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ ԳԱՌՆԻԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ

ՀՈԳԵՎՈՐ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ ՈՒ ՀԱՃԵԼԻ ԱՆԱԿՆԿԱԼ ԳԱՌՆԻԻ ԱՅՑԵԼՈՒՆԵՐԻՆ

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ –ի նախաձեռնությամբ յուրաքանչյուր կիրակի «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում կազմակերպվող մշակութային միջոցառումները նոր շունչ են ստանում: Օգոստոսի 6-ի երեկոյան Գառնին բազմամարդ էր, տարածքում կրկին հոգևոր երաժշտություն էր թևածում:

Շուրջ մեկ ու կես ժամ տևած համերգի ընթացքում ՀՀ մշակույթի նախարարության «Ժողովրդական երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ- ի Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախմբի կատարմամբ (գեղարվեստական ղեկավար, գլխավոր դիրիժոր, պրոֆեսոր, ՀՀ վաստակավոր արտիստ Նորայր Դավթյան) ժողովրդական ու աշուղական երգեր են հնչել: Մասնավորապես` Ս. Պասկևիչյանի` «Կուզեմ հիմի փչե զուռնեն», Աշուղ Հավասու` «Էն քո սերն է յար», Խ. Ավետիսյանի` «Տաղ հայտնության», Գուսան Աշոտի` «Սարվորի երգ»-ը և այլ կատարումներ:

Միջոցառման ավարտին այցելուներին հաճելի անակնկալ է մատուցել Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնի մեներգչուհի, ՀՀ վաստակավոր արտիստ Մագդա Մկրտչյանը: Նա ընկերների հետ Գառնի էր եկել համերգը վայելելու համար, սակայն, չկարողացավ անմասն մնալ տիրող հրաշալի միջավայրին: Մ. Մկրտչյանը ներկաներին հիացրել է Կոմիտասի «Կռունկ» կատարումով:

Գառնի արգելոց-թանգարանի տարածքում երգելու իր նվիրական երազանքի մասին մեզ հետ զրույցում անկեղծացավ ամերիկաբնակ երգչուհի Հերմինե Ամիրյանը: Նա հաճախ է լինում հայրենիքում, Գառնիում էլ` տեսահոլովակ ունի նկարահանած: Տիկին Ամիրյանի խոսքով ինքն ուրախ է, որ վերջապես ընձեռնվել է այդ հնարավորությունը:

Հայաստանի Ազգային նվագարանների պետական նվագախմբի գեղ. ղեկավար, գլխ. դիրիժոր Նորայր Դավթյանի փոխանցմամբ «Գառնի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում միջոցառումն իրականացել է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հորդորով: Ն. Դավթյանը պարտավորեցնող համարելով հանդիսատեսի ջերմ վերաբերմունքը, միաժամանակ նշել է, որ չի բացառվում հետագայում այլ հուշարձանների տարածքներում էլ նման միջոցառումներ իրականացնեն: