ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ «ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

ՀՀ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԻՆ Է ՆԵՐԿԱՅԱՑՎԵԼ «ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊՈԱԿ-Ի ՏԱՐԵԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆԸ

2018-04-06T16:35:48+00:00 April 6th, 2018|Լրահոս|

«Լավ եք աշխատել,  շնորհակալ եմ ձեր թիմին: Ուզում եմ տեսնել խնդիրների լուծման ռազմավարական մտածողություն: Ձեր խնդիրները շատ են, բավական մարդկային ռեսուրս չկա, տեխնիկական միջոցներ չկան:  Բայց պետք է ընդլայնել մատուցվող ծառայությունները:  Առնվազն հինգ տարվա  բիզնես  ծրագիր եմ ակնկալում ձեզանից,  երիտասարդ ու լավ թիմ ունեք: Կրեատիվ գաղափարներ եմ ուզում տեսնել` զբոսաշրջիկներին հետաքրքիր ձևով մեր հուշարձանները ներկայացնելու համար:  Հետաքրքիր  գաղափարներ ներկայացրեք  տարբեր հուշարձանների վեաբերյալ»,  – «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տարեկան աշխատանքների ամփոփ  հաշվետվության ժամանակ ասաց  ՀՀ  մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը:

Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնի Դիլիջանի մասնաճյուղն առաջիկայում կանցնի  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակայության տակ:  Մշակույթի նախարարը հստակ հանձնարարական տվեց ՊՈԱԿ-ի տնօրենությանը` սեղմ ժամկետում կազմել ու ներկայացնել  զարգացման  հեռանկարային ծրագիր:

Հաջորդ  հանձնարարականը  վերաբերում էր  արգելոց-թանգարաններում յուրաքանչյուր շաբաթ միջոցառում  անցկացնելուն:  Այցելուն հստակ պետք է նախապես իմանա, որ արգելոց-թանգարանում, երբ և ինչ միջոցառում կա:  ՊՈԱԿ-ի տնօրենությունը  առաջիկայում  ՀՀ  մշակույթի նախարարին  կներկայացնի միջոցառումների պլանը և ժամանակացույցը:

2017 թ.  «Մեծամոր» պատմահնագիտական արգելոց-թանգարանի տարածքում իրականացվել է  «Հետաքրքրաշարժ հնագիտություն» գիտակրթական ծրագիրը, որի նպատակը  հնագիտության ոլորտի հանրահռչակմանը նպաստելն ու  դպրոցականների մոտ վաղ հասակից թանգարան հաճախելու մշակույթ սերմանելն էր: Նմանօրինակ միջոցառում պետք է անցկացնել նաև  «Գառնիում» ու «Զվարթնոցում: Նախարար Արմեն Ամիրյանի հաջորդ հանձնարարականն էր: Արդեն այս ամսվա  վերջին  արգելոց-թանգարանները կհյուրընկալեն  դպրոցականներին:

Տարեկան  հաշվետվությանը  ՊՈԱԿ-ի  տնօրենությունը  ներկայացրեց նախորդ  տարվա  ֆինանսական  ցուցանիշները: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ին  2017 թ. պետբյուջեից տրամադրվել է  368 միլիոն  694 հազար ՀՀ դրամ սուբսիդիա:  Արտաբյուջեն պլանավորված է եղել 268 մլն 900 հազար դրամ, մուտք է եղել 301 միլիոն 84 հազար ՀՀ դրամ: «Պահպանության  ծառայություն» ՊՈԱԿ-ը արտաբյուջեն գերակատարել է 32 միլիոն 184 հազար դրամով։ 2017 թ. ՊՈԱԿ-ը  295  մլն  դրամի տոմս է վաճառել: «Առյուծի» բաժինը «Գառնի»  արգելոց-թանգարանինն  է, երկրորդ  տեղում`  «Զվարթնոց»-ն է, հետո` «Մեծամոր»-ը:

«Պահպանության ծառայություն»  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը տեղեկացրեց, որ գործընկեր կազմակերպության հետ նախնական պայմանավորվածություն  է  ձեռք բերվել  զբոսաշրջիկների երթուղին իրականացնել  այնպես, որ  հնարավոր լինի  արգելոց-թանգարանի տարածքում լուծել նաև սննդի /նախաճաշի և ճաշի հարցը/:

Զբոսաշրջության  զարգացմանը  խթանելու  նկատառումով  նախարար Արմեն Ամիրյանն առաջարկեց  հետաքրքիր  ծրագրեր կյանքի կոչել նաև  այլ՝ Դվին, Արտաշատ, Սմբատաբերդ, Բջնի, Աղձք-Ագարակ և այլ հուշարձանների տարածքներում: Նա  հույս հայտնեց, որ առաջիկա  երկու շաբաթվա ընթացքում ՊՈԱԿ-ի տնօրենությունը  համապատասխան ծրագիր կներկայացնի:

ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը ևս համակարծիք է  հուշարձանների տարածքներում  մշակութային  կյանքի  աշխուժացմանը:  Նրա խոսքով, բիզնես պլանի զարգացման նպատակով  պետք է լուրջ ուսումնասիրություն կատարել  դաշտում:

Ենթակառուցվածքների զարգացմանը զուգահեռ այս տարի նախատեսվում է տոմսային տնտեսություն  ներդնել  «Ամբերդ ամրոց»   արգելոցում, «Լոռի բերդ» պատմամշակութային  հուշարձանի  տարածքում:  Կառավարության որոշմամբ նախորդ տարեվերջին  Ամբերդը  արգելոցի  կարգավիճակ ստացավ և առաջիկայում այնտեղ  լուրջ աշխատանքներ կիրականացվեն:

ՀՀ մշակույթի նախարարն ակնկալում է, որ  ՊՈԱԿ-ը  նաև  այս հուշարձանի այցելուների համար  հետաքրքիր  ծրագիր  կներկայացնի, մանավանդ,  որ Ամբերդի զբոսաշրջիկների  թիվը  քիչ  չէ:

Շատ  հաճախ  տուրօպերատորները մեր երկրի պատմամշակութային ժառանգությունը տեսնելու  եկած  օտարերկրացուն  ոչ  ճիշտ տեղեկություններ են փոխանցում  հուշարձանների մասին և ինչն անթույլատրելի է: Հաշվետվության ընթացքում իր մտահոգությունը նախարար Ամիրյանին  ներկայացրեց  ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը, ասելով, որ կան  հաստատված էքսկուրսիոն տեքստեր, որոնցով առաջնորդվում է «Պահպանության ծառայությունը»:  Նախարար Ամիրյանն առաջարկեց  լիցենզավորման կարգ  սահմանել:

«Դա  ձեզանից  լուրջ  աշխատանք  կպահանջի,  հուշարձանի մասին էլ ինֆորմացիան  չի  խեղաթյուրվի», -իր խոսքը եզրափակեց  Արմեն  Ամիրյանը: