ԼԱՐԱԽԱՂԱՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԱՄԲԵՐԴՈՒՄ

ԼԱՐԱԽԱՂԱՑՈՒԹՅԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄ ԱՄԲԵՐԴՈՒՄ

2018-10-02T11:34:01+00:00 September 24th, 2018|Արագածոտն, Լրահոս|

«Ամբերդ  ամրոց»  պատմամշակութային  արգելոցում  երեկ  տոնական  մթնոլորտ էր:  Ազգային  ավանդույթներով,  երգ  ու  պարով  ուղեկցվող  միջոցառումը  սկսվել է  ամրոցի  մուտքից:  Լարախաղացն ու  ծաղրածուն բեմականացված, հետաքրքիր ողջույնից  հետո  ներկաներին  ուղեկցել  են  միջոցառման  համար նախատեսված վայրը:

«Կրկես» թատերական հանդեսը, լարախաղաց-աճպարար, գրող և մշակույթի վաստակավոր  գործիչ  Վլադիմիր  Հակոբյանի  գլխավորությամբ  հանդիսատեսին «ստիպել» է  մեկ ու կես ժամ կլանված  նայել  հնարքներով լի, երբեմն էլ`  վտանգավոր  համարները:

Միջոցառմանը  յուրօրինակ  շունչ  էր  հաղորդել  ծաղրածուն: Նա ոչ միայն հասցնում էր կարգավորել  մասնակիցների  շարժը,  այլև`  բաց  չէր  թողնում  լուսանկարվելու  առիթը:

«Տոնացույց»  կենտրոնի «Սուրբ Կարապետ» ժողովրդական թատրոնի սաները, կատարողներ` Փամբակից, Լեռնապատից, Ագարակից  և Ալավերդիից  ներկաներին մի պահ տեղափոխել են ամենայն հայոց  բանաստեղծ  Հովհաննես Թումանյանի  հարուստ ու  աննկարագրելի  գունագեղ  ստեղծագործական  աշխարհ: Բեմականացված  համարների ընթացքում, զուռնա-դհոլի  ուղեկցությամբ,  միջոցառման մասնակիցները  շուրջ  պար են  բռնել:

Ակտիվ մասնակիցների թվում նաև Հայաստանում առաջին անգամ գտնվող ֆիլիպինցի զբոսաշրջիկների խումբ էր:  Նրանք  ոչ միայն պարել են, այլև`   մասնակցել  թատերականացված  համարներին:

«Իսկական կրկես-թատրոն էր: Ներկայացումը շատ գեղեցիկ ստացվեց, հանդիսատեսն էլ ` տպավորված էր: Կարծում եմ  անհրաժեշտ է զարգացնել այս հրաշալի գաղափարը», – մեր թղթակցի հետ զրույցում ասել  է լարախաղաց-աճպարար Վլադիմիր  Հակոբյանը:

Նրա խոսքով սիրով  կընդունի  «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ղեկավարության`  այլ  հուշարձանի տարածքում  նման միջոցառում անցկացնելու հրավերը: Վլ. Ղազարյանի փոխանցմամբ  այսօրինակ նախաձեռնությունները  կարող են զբոսաշրջության զարգացման խթան լինել: