ԱՄՓՈՓԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՊՈԱԿ-ՈՒՄ

ԱՄՓՈՓԻՉ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ ՊՈԱԿ-ՈՒՄ

2018-12-20T16:31:46+00:00 20/12/2018|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ում ամփոփել  են  2018 թ․-ի կատարած աշխատանքները։ Մարզային  ծառայությունների, արգելոցների ու արգելոց-թանգարանների պատասխանատուները  խոսել  են  տարվա  ընթացքում կատարված աշխատանքի, հուշարձանների  պահպանության  ու  ոլորտի  խնդիրների  մասին։

2018թ․-ի  ընթացքում արձանագրվել  է  30 իրավախախտում՝ ինքնակամ շինություններ, գանձախուզություն, անօրինական  թաղումներ, վանդալիզմ։  Մարզային ծառայությունների, արգելոցների  ու  արգելոց-թանգարանների պատասխանատուները ակտիվ գործակցել են իրավապահների հետ։ Դեռևս չլուծված խնդիրների շարքում են հուշարձանների պահպանական գոտիների բացակայությունն ու անճշտությունները։

Ի դեպ վերջինի  դեպքում  պատճառը` ՀՀ պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական ցուցակի լրամշակման բացակայությունն է։

Հուշարձանների պահպանությունն առավել համակարգված դարձնելու նպատակով  «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Արա Թարվերդյանը մարզային ծառայությունների պատասխանատուներին հանձնարարել է համայնքների ղեկավարների համար պատրաստել տվյալ համայնքի և ընդհանրապես պատմամշակութային հուշարձանների պահպանության վերաբերյալ իրավական ակտերի ամփոփ  ուղեցույց։

ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլևանյանն էլ մարզային ծառայությունների պատասխանատուներին հանձնարարել  է  խստորեն  հետևել  հուշարձանների պահպանությանը,  կատարվող  շրջայցերին, տեղում արձանագրել պեղումներից հետո ստեղծված պատկերը և ՊՈԱԿ-ի տնօրինությանը  օպերատիվ  տեղեկացնել  ցանկացած խնդրի դեպքում։  Մ/ծ  պետերին, արգելոց-թանգարանների, նաև` արգելոցների վարիչներին  տրվել  են  նաև  այլ  հանձնարարականներ։

Հաշվետվության  ընթացքում  անդրադարձ է  եղել նաև  արգելոց-թանգարանների և արգելոցների այցելությունների  թվի  ավելացմանը:  Ներկայացվել են` հուշարձանները զբոսաշրջիկների  համար  առավել  գրավիչ  դարձնելուն  ուղղված  առաջարկներ։

2018թ․-ին Մեծամորի հնավայրում շարունակվել են հայ-լեհական արշավախմբի պեղումները։ Հնագետները հայտնաբերել են հետաքրքիր գտածոներ, որոնք թվագրվում են  մ.թ.ա. 8-6-րդ դդ.։ Պեղումներ են  իրականացվել  նաև «Զորաց  քարեր»-ում։ Դամբարանադաշտում կատարված աշխատանքների ընթացքում հարավից-հյուսիս ձգվող ուղղահայաց կանգնած քարերի տակ բացվել  է  շուրջ  25  մետր երկարությամբ  ձգվող պարիսպ:  Հնագիտական արշավախումբը պեղումների ընթացքում հայտնաբերել  է  միջին,  ուշ  բրոնզե և երկաթե  դարաշրջանով  թվագրվող  խեցու  բեկորներ:

Ամփոփելով 2018 թ․-ին կատարված աշխատանքները, ներկաներն անդրադարձել են նաև ՊՈԱԿ-ի մասնաճյուղերում կատարված աշխատանքներին ու բարեփոխումներին։  «Գառնի» արգելոց-թանգարանի այս տարվա նորամուծություններից  է  հաշմանդամ այցելուների համար սայլակների անվճար տրամադրումը և աուդիոգիդ ծառայության մատուցումը։ «Գառնի» արգելոց-թանգարանի և «Ամբերդ  ամրոց»  արգելոցի տարածքներում տեղադրվել են «Թագավորական պալատի պատերի վրա  բարձրանալը  խստիվ արգելվում է» և «Ամրոցի պատերի  վրա  բարձրանալը  խստիվ արգելվում է» բովանդակությամբ ցուցավահանակներ։

«Զորաց  քարեր»  բնակատեղի» պատմամշակութային արգելոցի տարածքում արդեն տեղադրվել է  աշխատակիցների  համար նախատեսված /մետաղական կոնստրուկցիայով հավաքված/ ժամանակավոր  տաղավար,  որն  ունի աշխատասենյակ և սանհանգույց:

2018 թ․-ի ընթացքում ՊՈԱԿ-ի մարզային ծառայությունների աշխատակիցների ջանքերով ուղղվել ու իրենց նախնական տեղերում ամրակայվել է ընդհանուր առմամբ 137 խաչքար։

Հաշվետվության ընթացքում ներկայացվել են  2018 թ. ՊՈԱԿ-ի  կազմակերպած  գիտաժողովները,  ցուցադրությունները, գիտակրթական ծրագրերը, վիկտորինա-մրցույթները,  հուշարձանների  տարածքներում և տարբեր կրթօջախներում  իրականացված  միջոցառումները:

Մարզային ծառայությունների կատարած աշխատանքներն ավելի թափանցիկ դարձնելու համար տարվա ընթացքում դրանք ակտիվորեն ներկայացվել են նաև սոցցանցերում։

2018թ․ի կատարված աշխատանքները ներկայացրել են նաև ՊՈԱԿ-ի բաժինների պատասխանատուները։

Հաշվետվության ավարտին ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Կ. Փահլևանյանը և գիտնական քարտուղար Ա․ Փիլիպոսյանը  ՊՄՊ մարզային ծառայությունների պետերի և տեղակալների համար անցկացրել են վերապատրաստման դասընթաց։ Նպատակը` նորահայտ հուշարձանների հայտնաբերման դեպքում մարզային ծառայության աշխատակիցների անելիքը իրավական առումով ճիշտ  կազմակերպելն է՝  հնագիտական առարկաների հետագա ճակատագիրը տնօրինելու  համար: