ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՍՅՈՒՆԻՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԳԻՏԱԺՈՂՈՎ

ԵՂԵԳՆԱՁՈՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵԼ Է «ՍՅՈՒՆԻՔԻ ՊԱՏՄԱՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԺԱՌԱՆԳՈՒԹՅՈՒՆԸ» ԽՈՐԱԳԻՐԸ ԿՐՈՂ ԳԻՏԱԺՈՂՈՎ

2019-09-11T17:16:59+00:00 11/09/2019|Լրահոս|

Գլաձորի համալսարանի հիմնադրման 735-ամյակին   նվիրված միջոցառումների շրջանակում սեպտեմբերի 5-ին Վայոց ձորի մարզում կայացել է «Սյունիքի պատմամշակութային ժառանգությունը»  խորագիրը կրող գիտաժողով։

Զեկուցումների թեմաները վերաբերել են՝ «Զորաց քարեր», «Օձաբերդ», «Մեծամոր» հնավայրերի, Սյունիքի տարածաշրջանի մի քանի դամբարանադաշտերի պեղումների արդյունքներին, Տաթևի հուշարձանախմբի և ձիթհանի վերականգնման նախագծերին,  Տաթևի գավազան սյան ճոճման կառուցվածքի բացահայտմանը, Սյունիքի տարածքում ճանկող արծվի հորինվածքով պատկերաքանդակներին, Սյունիքի տնայնագործությանը, արհեստներին, տարազի զարդահամալիրին, «Յայլի» պարին, Ավանի տաճարի վիմական արձանագրության մեջ Ջաջուռ անձանվան մեկնաբանությանը, Ստեփանոս Օրբելյանի «Պատմութւին նահանգին Սիսական» երկում առկա վարքագրությանը, Սյունիքի մարզի բարբառային ընդհանուր պատկերի վերլուծությանը և հայ երաժշտական արվեստում Զանգեզուրի թեմային:

Գիտաժողովի մասնակիցներին ողջունել և աշխատանքային արդյունավետ ընթացք են մաղթել «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ, պ.գ.թ.  Կարեն Փահլևանյանը և գիտնական քարտուղար պ.գ.դ. Աշոտ  Փիլիպոսյանը։

Զեկուցումներով հանդես եկած գիտնականները ներկայացրել են իրենց գիտահետազոտական աշխատանքներն ու վերլուծությունները։ Դրանք հետագայում կընդգրկվեն ՊՈԱԿ-ի «Պատմամշակութային ժառանություն» ժողովածուի մեջ։

Նշենք, որ խորհրդաժողովին մասնակցում էին գիտնականներ ՀՀ ԳԱԱ արվեստի ինստիտուտից, Հ. Աճառյանի անվ. լեզվի ինստիտուտից, Հնագիտության և ազգագրության ինստիտուտից, Պատմության ինստիտուտից, «Էրեբունի» պատմահնագիտական արգելոց-թանգարանից, «Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր, հայոց ազգագրության և ազատագրական պայքարի պատմության ազգային թանգարանից, ինչպես նաև վերականգնող ճարտարապետների ասոցիացիայից։