ՕՁՈՒՆԻ ԿՈԹՈՂ (ԿՈԹՈՂ-ՄԱՀԱՐՁԱՆ)

ՕՁՈՒՆԻ ԿՈԹՈՂ (ԿՈԹՈՂ-ՄԱՀԱՐՁԱՆ)

2013-08-27T11:38:59+00:00 19/06/2013|Լոռի Հուշարձաններ|

ՕՁՈՒՆԻ ԿՈԹՈՂ (ԿՈԹՈՂ-ՄԱՀԱՐՁԱՆ)
Լոռու մարզ
գ. Օձուն
պետ. ցուցիչ` 5.112.5.1.1

 

Գտնվում է Օձուն գյուղի գմբեթավոր բազիլիկ եկեղեցուց (V-VI դդ.) մոտ 10 մ հյուսիսարևելք: Հայաստանում քրիստոնեության հաղթանակը նշանավորող հոյակապ հուշակոթող է: Կարծիք կա, որ Օձունի կոթողը խորհրդանշում է քրիստոնեության ընդունումը ոչ միայն Հայաստանում, այլև` Վրաստանում և Աղվանքում: Կառուցման ստույգ ժամանակը հայտնիչ է: Ավանդության համաձայն` այստեղ է թաղված Դվինում սպանված Հայոց Սմբատ Ա Բագրատունի թագավորը (892-914 թթ.): Ըստ կառուցողական արվեստի և պատկերագրական ոճի` ոչ ուշ,քան VI դ. կառույց է: Ժամանակակից է գմբեթավոր բազիլիկ եկեղեցուն:

Կառուցված է բաց շագանակագույն ֆելզիտի սրբատաշքարերով: Աստիճանավոր,2.4 մ բարձրությամբ պատվանդանի վրա վեր են խոյանում երեք մույթեր, որոնց կամարակապ բացվածքներում տեղադրված են միակտոր քարի 4-մետրանոց մեկական սյուներ (ստելա): Կամարներից վերև գեղաքանդակ քիվն է: Կոթողը հավանաբար պսակված է եղել թևավոր խաչով, որի մասին են վկայում վերին քիվ իհարթակում պահպանված ելուստները: Քառակող նիստերը ամբողջովին քանդակազարդ են: Թեմատիկ պատկերաքանդակները ներկայացնում են տեսարաններ Հայոց Տրդատ Գ արքայի, Գրիգոր Լուսավորչի, Հռիփսիմյան կույսերի, Գրիգոր Լուսավորչին հալածող նույն Տրդատ արքայի`խոզակերպ դառնալու և քրիստոնեություն ընդունելուց հետո վերստին մարդկային կերպարանք ստանալու վերաբերյալ, նաև որոշ դրվագներ Հին և Նոր Կտակարաններից` Իսահակի զոհաբերության տեսարանը, «Երեք մանուկները հրե վառարանում», Տիրամայրը` մանուկ Հիսուսը գրկում, գահին նստած, Կույս Մարիամը`ժայռից բխող աղբյուրի մոտ ավետիս ստանալիս և այլն: Պատկերաքանդակները զետեղված են կոթողի արևելյան և արևմտյան նիստերին` ուղղանկյուն շրջանակների մեջ: Հյուսիսային և հարավային նիստերը հարդարված են բուսական և երկրաչափական պատկերաքանդակներով:

1938, 1950 թթ. կատարվել են կոթողի նորոգման, ամրակայման աշխատանքներ:

Հիմնական գրականություն

Ջալալեանց Ս., Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան, Տփխիս, հ. 1, 1842:

Հասրաթյան Մ., Տաշիրի սրահավոր միանավ հուշարձանները, «Լրաբեր հասարակական գիտությունների», Եր., 1974, N 3:

Շախկյան Գ., Օձունի եկեղեցին, Եր., 1983: