ՊՈԱԿ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2013 Թ. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

ՊՈԱԿ-Ն ԱՄՓՈՓԵԼ Է 2013 Թ. ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ. ԼԱՎԱԳՈՒՅՆ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԸ ՊԱՐԳԵՎԱՏՐՎԵԼ ԵՆ

2014-01-10T11:07:42+00:00 10/01/2014|Լրահոս|

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ն ամփոփել է 2013 թ գործունեությունը, նախանշել՝ 2014-ին իրականացվելիք ծրագրերը։ Անցած տարին արդյունավետ էր` գիտահետազոտական աշխատանքներ, հուշարձանների հանրահռչակում, ցուցահանդեսներ, միջազգային գիտաժողովներ եւ այլն: ՊՈԱԿ-ի տնօրեն Վլադիմիր Պողոսյանը ծառայության աշխատակիցների հետ տարեվերջյան հանդիպմանն անդրադառնալով 2013թ. ձեռքբերումներին, մասնավորապես առանձնացրել է «Պահպանության ծառայության»-ի 25-ամյա գործունեության շրջանակում կազմակերպված միջոցառումներին: Շեշտելով միջազգային համագործակցության անհրաժեշտությունը, նա խոսել է այդ համատեքստում սեպտեմբերին Երեւանում ՌԴ-ից, Ուկրաինայից, Լեհաստանից, Բելառուսից եւ այլ երկրներից հրավիրված գիտնականների մասնակցությամբ` «Պատմամշակութային ժառանգության պահպանման հիմնախնդիրները» թեմայով անցկացված գիտաժողովի մասին:

«Գիտաժողովը կարեւոր էր մշակութային եւ քաղաքական առումով։ Պատմամշակությաին ժառանգությանը վերաբերող հարցերը համընդհանուր են ու դրանց լուծման միասնական ուղիներ գտնելը շատ կարեւոր ու օգտակար է», – ասել է ՊՈԱԿ-ի ղեկավարը: Վլ. Պողոսյանը շնորհակալություն է հայտնել «Պահպանության ծառայության» աշխատակիցներին հուշարձանների պահպանության ու հանրահռչակման դժվարին գործում նվիրված աշխատանքի համար:

Դեռ 2012-ին ՊՈԱԿ-ի ղեկավարությունը գեղեցիկ նախաձեռնության հիմք դրեց` տարվա լավագույն աշխատակիցներին արժանացնել պարգեւների։ 2013-ը եւս բացառություն չէր: Մի խումբ աշխատակիցներ պարգեւատրվեցին պատվոգրերով ու շնորհակալագրերով, արժանացան նաեւ մեդալների:

Հուշարձանների պահպանության ոլորտում ՊՈԱԿ-ը սերտորեն համագործակցում է նաեւ ՏԻՄ մարմինների հետ: Արդյունավետությունն ակնհայտ է եւ դրվատանքի արժանի: Տավուշի մարզի Բերդ համայնքի ղեկավար Հարություն Մանուչարյանը` հուշարձանների պահպանման և հանրահռչակման ոլորտում գործուն մասնակցության և հայրենի հուշարձանների հանդեպ հոգատար վերաբերմունքի համար ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալի արժանացավ: «Բանակ-Կրթություն-Մշակույթ» համատեղ հրամանի շրջանակներում պատմամշակութային հուշարձանների պահպանման և հանրահռչակման ոլորտում գործուն մասնակցության և հայրենի հուշարձանների հանդեպ հոգատար վերաբերմունքի համար ՀՀ մշակույթի նախարարության «Գրիգոր Նարեկացի» հուշամեդալ հանձնվեց նաեւ ՀՀ ԶՈՒ անձնակազմի հետ տարվող աշխատանքների վարչության մշակութաժամանցային աշխատանքների բաժնի ավագ սպա, փոխգնդապետ Նորայր Եգորյանին, ինչպես նաեւ ՊՈԱԿ-ի հուշարձանների պահպանության բաժնի ղեկավար Գոռ Գասպարյանին:

Սահմանած անվանակարգերով` լավագույն աշխատակից, երիտասարդ գիտաշխատող, ֆոնդապահ, գիտաշխատող, էքսկուրսավար եւ այլն, շնորհակալագրերի ու պատվոգրի արժանացան մարզային ծառայությունների ղեկավարներ, ՊՈԱԿ-ի մի խումբ աշխատակիցներ։