ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

ԱՐԵՎՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐԻ ՑՈՒՑԱՀԱՆԴԵՍ ԶՎԱՐԹՆՈՑՈՒՄ

Եվրոպայի խորհրդի եւ ՅՈՒՆԵՍԿՕ-յի հովանու ներքո «Թանգարանային գիշեր» միջազգային գարնանային տոնը այս տարի Հայաստանում մեկնարկում է մայիսի 17-ին` կրելով «Թանգարանները միավորում են մեզ» խորագիրը: Միջոցառումը նաեւ հարգանքի տուրք է Առաջին համաշխարհային պատերազմի զոհերի հիշատակին: «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի ենթակա արգելոց-թանգարաններում եւ արգելոցներում մայիսի 17-ին եւ 18-ին բազմաբնույթ միջոցառումներ կիրականացվեն: «Զվարթնոց» պատմամշակութային արգելոց-թանգարանում մայիսի 17-ին կբացվի «Արեւմտյան Հայաստանի պատմական հուշարձանները մինչեւ Առաջին աշխարհամարտը» խորագիրը կրող ցուցահանդես: Նպատակն է ներկայացնել Արեւմտյան Հայաստանի պատմաճարտարապետական հուշարձանների մի փոքր մասը /մինչեւ Առաջին աշխարհամարտը/: Դարասկզբին դեռեւս կանգուն հուշարձաններն այսօր արդեն պատմություն են: Ներկայացվելիք հուշարձանների ստվար հատվածը լուսանկարել է հայ ճարտարապետության պատմության գիտական ուսումնասիրության հիմնադիր Թորոս Թորամանյանը դեռեւս 20-րդ դարի սկզբին: Ընտրվել են հայ բեմի ականավոր կատակերգու, նաեւ լուսանկարչական արվեստի գիտակ Արամ Վրույրի, լուսանկարիչ Վարդան Համբիկյանի լուսանկարներից, անհայտ լուսանկարիչների աշխատանքներից /ընդհանուր առմամբ 28 լուսանկար/: Մշակութային այլ միջոցառումներ ՊՈԱԿ-ի մասնաճյուղ արգելոցներում եւ արգելոց-թանգարաններում կիրականացվեն մայիսի 18-ին: