«ԶՎԱՐԹՆՈՑ» ՏԱՃԱՐԻ ԿԱՄԱՐՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

«ԶՎԱՐԹՆՈՑ» ՏԱՃԱՐԻ ԿԱՄԱՐՆԵՐԻ ՆԵՐՔՈ ՆՈՐԱԿՈՉԻԿՆԵՐԸ ԵՐԴՎԵՑԻՆ ԱՆՁՆՎԻՐԱԲԱՐ ԾԱՌԱՅԵԼ ՀԱՅՐԵՆԻՔԻՆ

«Զվարթնոց» արգելոց-թանգարանը փետրվարի 7-ին բազմամարդ էր, տոնական տրամադրությունը համակել էր բոլորին: Հանրապետության տարբեր մարզերից ժամանած մեր հայրենակիցները ներկա էին իրենց զավակի, հարազատի` ՀՀ զինված ուժերի շարքերը համալրելու երդման արարողությանը:

Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակում սա 2015 թ. անդրանիկ միջոցառումն է, որի նպապակն է խթանել ռազմահայրենասիրական ոգու դաստիարակությունը, սերտացնել բանակ-մշակույթ կապը, հանրահռչակել հուշարձանը: Նախաձեռնությամբ ՊՈԱԿ-ն ազդարարեց Հայրենական Մեծ պատերազմի հաղթանակի 70-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը:

Էջմիածնի N զորամասի ժամկետային զինծառայողները 4 ամիս հետո կհամալրեն ՀՀ ԶՈՒ ինժեներասակրավորական գնդի տարբեր զորմասերը: Ապագա ինժեներ- սակրավորները նույնքան հուզված էին, որքան հրամանատարական կազմն ու ծնողները:

«Պատասխանատվությունը մեծ է` ծառայել հայրենիքին, հարկ եղած դեպքում նաև կյանքը չխնայել», -արցունքն աչքերին հուզված ու հպարտ ասում է զինծառայողներից մեկի 80-ամյա տատիկը, ով 9-րդ թոռնիկին էր ճանապարհում բանակ:

Բանակ-կրթություն-մշակույթ համագործակցության շրջանակում այսուհետ նաև այլ հուշարձանների տարածքներում կկազմակերպվի նորակոչիկների երդման արարողություն:

«Նրանցից յուրաքանչյուրը պետք է գիտակցի, որ պատմական նշանակություն ունեցող վայրում է հայրենիքին անձնվեր ծառայելու երդում տալիս, նորակոչիներն իրենց ողջ կյանքի ընթացում կհիշեն այս օրը», – լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի պետ, վարչության պետ, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանը:

Գեներալի խոսքով, առկա մարտահրավերները մեզ պարտավորեցնում են մարտունակ ու հզոր բանակ ունենալ: Դիմելով նորակոչիկներին գեներալ-մայորը համոզմունք հայտնեց, որ առաջիկա չորս ամիսների ընթացքում, փորձառու հրամանատարների շնորհիվ նրանք լավ մասնագետներ կդառնան ու կհամալրեն ՀՀ ԶՈւ կազմը:

Զորամասի հոգևոր սպասավոր Տեր Սիմեոն քահանա Մովսիսյանի խոսքով, «Զվարթնոց» տաճարը մի վայր է, որտեղ մեր նախնիները դարերով աղթոք են բարձրացրել առ Աստված: Շնորհավորելով նորակոչիկներին հոգևոր սպասավորը խորհուրդ տվեց նրանց առաջնորդվել նախանձնախնդրությամբ ու պատվախնդրությամբ:

Տոնական տրամադրությունն ամբողջացավ ասմունքող, դերասան Ջիվան Սարգսյանի ելույթով. «Հայոց պատմություն» /Հր. Հովհաննիսյան/ և «Քիչ ենք բայց հայ են ասում» /Պ. Սևակ/: Զինակոչիկները իրենք էլ միացան ասմունքին ու ծափերով արտահայտեցին ոգևորությունը:

Միջոցառումն ամփոփովեց զինծառայողների ցուցադրական ելույթով, ապա լավագույն զինծառայողներին շնորհակալագրեր ու պատվոգրեր հանձնվեցին: ՀՀ ԶՈւ ինժեներական զորքերի N զորամասին աջակցելու և սերտ համագործակցության համար շնորհակալագրերով զորամասի հրամանատարի շնորհակալագրով պարգևատրվեցին նաև «Պատմամշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրեն Վլ. Պողոսյանը և «Զվարթնոց» արգելոց-թանգարանի հանրահռչակման, գիտահետազոտական և ֆոնդային աշխատանքների բաժնի վարիչ Լարիսա Հարությունյանը: